Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գեւորգ Ազիզյանի եւ նրա տեղակալ Մուշեղ Գեւորգյանի միջեւ առերեսում է եղել:
Նախապատմություն
Հիշեցնենք, որ մարտի 8-ի երեկոյան Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գեւորգյանը, որը Գորիսի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է իր երկու ընկերների՝ Նարեկի եւ Վահրամի հետ գնացել էր «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չէին տվել ներս մտնել՝ ասելով, թե փակ է: Երբ երիտասարդները նստել էին ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս էր մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել էր ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով՝ նրան փորձել էր ներս տանել: Ոստիկանապետը կարճ «ռազբորկայից» հետո անցել էր բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով:
Այս միջադեպին ականատես էին եղել Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը: Արդյունքում, վերոնշյալ պաշտոնյաները կոլեկտիվ հիմունքներով քրեական գործ էին հարուցել Արթուր Գեւորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով եւ ձերբակալել տվել: Դեռ այսքանով էլ չէին սահմնափակվել. ոստիկանապետը աշխատանքից ազատել էր նաեւ իր տեղակալին, որը ծեծված երիտասարդի եղբայրն է: Սակայն մեր հրապարակումից երկու օր անց Սյունիքի մարզից սույն քրեական գործը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, Գորիսի ոստիկանապետ Ազիզյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ նրա տեղակալի եղբորը գրավի դիմաց ազատ արձակեցին:
Բանը հասավ առերեսմանը
Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի եւ նրա նախկին տեղակալ Մուշեղ Գեւորգյանի միջեւ: Գրել էինք, որ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը բաժնում՝ հաշվի չառնելով, որ Արթուր Գեւորգյանը իր տեղակալի եղբայրն է, ծեծել եւ հայհոյել էր նրան: Եվ, ահա, ըստ էության, աշխատանքից ազատված տեղակալը ասել է իրավապահներին, որ իր ներկայությամբ եւս իր եղբորը ծեծել են, ինչի հետ առերեսման ժամանակ, բնականաբար, համաձայն չի եղել ոստիկանապետ Ազիզյանը: Ասել է, թե ոստիկանապետի եւ նրա տեղակալի հայտարարությունները հակասել են միմյանց:
Այսքանով առերեսումների շարքը չի ավարտվում: Պարզեցինք, որ ծեծի մասնակից Արթուր Գեւորգյանի եւ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի միջեւ եւս առերեսում է եղել, որի ժամանակ Արթուր Գեւորգյանն ասել է. «Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապե՛ր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս, արա՛, ու տփոց: Ես չեմ ճանաչել ոստիկանապետին, եթե ճանաչեի, նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը: Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել»: Արթուր Գեւորգյանի այս պնդումներին ի պատասխան՝ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն ասել է, թե նման բան չի եղել:
Հավելենք, որ միջադեպի մյուս ականատեսների եւ մասնակիցների միջեւ եւս առերեսումներ են եղել. նրանց մի մասը ասում է, թե չի հիշում՝ ինչպես է դեպքը եղել, կամ էլ հավաստիացնում է, որ իրենք ոչինչ չեն տեսել: Ոստիկանության աշխատակիցները եւս կցկտուր բաներ են հայտնում իրավապահներին, քանի որ Գորիսում լուրեր են շրջանառվում, որ Գեւորգ Ազիզյանը հետ է վերադառնալու իր պաշտոնին, ինչը, բնականաբար, կաշկանդում է աշխատակիցներին իրականությունը պատմելու հարցում:
Մնում է այս պատմության մեջ քննիչները կարողանան ճշմարտությունը ստից տարանջատել` չմոռանալով կարեւորի մասին. որ կա միջադեպի աղմկալի տեսանյութը, որտեղ ակնհայտ երեւում է, թե «ով ում բարեկամն» է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՈՒՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ՍՊԱՆՎԵՑԻՆ
Երեկ Երեւանի Կարապետյան փողոցում սպանվել էին քույր ու եղբայր Շավարշ, Շողիկ Արմենակյանները: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանությունը կատարել է Շողիկ Արմենակյանի ամուսինը՝ Հայկը, որը չի համակերպվել այն մտքի հետ, որ Շողիկը ցանկանում է բաժանվել իրենից:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Հայկ Հովհաննիսյանը եւ Շողիկ Արմենակյանը ամուսնացած են եղել: Հայկը ինչ-որ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել: Իսկ այն փաստը, որ Հայկը դատապարտված է եղել, մշտապես կաշկանդել է Շողիկ Արմենակյանի ընտանիքին: Այսինքն՝ Շողիկի ընտանիքը չի ցանկացել, որ իրենց 29-ամյա աղջիկը շարունակի իր համատեղ կյանքը հանցագործի հետ: Արդյունքում Շողիկն ու Հայկը մշտապես խոսակցություններ են ունեցել միմյանց հետ, ինչի ընթացքում Շողիկն ասել է, որ ցանկանում է բաժանվել Հայկից: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ իրողության հետ չի համակերպվել Հայկը եւ մշտապես տարաձայնություններ է ունեցել Արմենակյանների ընտանիքի հետ:
Եվ, ահա, երեկ Հայկը, ըստ էության, հերթական անգամ այդ թեմայի շուրջ խոսելու համար գնացել է Արմենակյանների տուն եւ պահանջել է իրեն թույլ տալ, որ խոսի Շողիկ Արմենակյանի հետ, սակայն Շողիկի հայրն ու եղբայրը նրան թույլ չեն տվել, ինչի արդյունքում Հայկ Հովհաննիսյանը դանակահարել է Շողիկի եղբորն ու հորը եւ կարողացել է հասնել Շողիկին: Հանցագործը դաժանաբար սպանել է նաեւ Շողիկ Արմենակյանին եւ փախուստի դիմել: Շողիկ Արմենակյանը մահացել է հենց իր հայրական տանը, եղբայրը՝ 26-ամյա Շավարշը, «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ հայրը՝ Համլետ Արմենակյանը, գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Տեղեկացանք, որ սպանված Շողիկ Արմենակյանն աշխատում էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում, իսկ Շավարշը՝ ավտոտեխսպասարկման կետում: Դեպքի պահին ընտանիքի մայրն աշխատանքի է եղել: Հարեւանների խոսքով՝ Արմենակյանների ընտանիքը համեստ, կիրթ ընտանիք էր, ու ցավալի է, որ երկու երիտասարդ երեխաները այս բախտին արժանացան:
Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի` սպանություն հատկանիշներով: Նշենք, որ երեկ ողջ օրը իրավապահները փնտրում էին Հայկ Հովհաննիսյանին:
Իսկ ինչի՞ համար է Հայկ Հովհաննիսյանը նախկինում դատապարտված եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայկ Հովհաննիսյանը 2012 թվականին ազատազրկման է դատապարտված եղել մեկ այլ անձի ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Վերջինիս նկատմամբ այդ արարքի համար հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով եւ ազատազրկման էր դատապարտվել 3 տարի ժամկետով: Այսինքն՝ Հայկը ՔԿՀ-ից դուրս էր եկել ամիսներ առաջ:
Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում ոստիկաններն ոււ քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երեւանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի դին: Նա կասկածվում էր մայիսի 13-ի առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր ու եղբայր Շողիկ եւ Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՏԵՍԵՑ
Երեկ «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը երթ անցկացրեց, որը մեկնարկեց Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկից։ Երթի մասնակիցները ուղղվեցին դեպի նախագահական ամառանոց՝ Սերժ Սարգսյանի տուն՝ ներկայացնելու իրենց պահանջները: Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, չմոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս հայտարարեցին, որ ավարտում են երթը, իսկ հաջորդ անգամ ավելի մեծ բազմությամբ կիրականացնեն այն։
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵ՞ՐՆ ԵՆ ՎՃԱՐԵԼ
«Իմ առաջակը եղել է հետեւյալը՝ սանկցիայից հանենք տուգանքները, եւ մնա միայն ազատազրկման ձեւով պատիժը, որովհետեւ դատարանները միայն տուգանք են կիրառել՝ վերջին հանրաքվեի ժամանակ ընտրակեղծարարների հետ կապված: Այդ մարդիկ տուգանքներն անձնապես չէին վճարել, վճարել էին ընտրակեղծարարության պատվիրատուները»,- այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօր կառավարության նիստում իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տալու մասին: Մարուքյանը նշեց՝ քանի որ հանձնաժողովը դեմ է, որ սանկցիայից ընդհանրապես տուգանքը դուրս գա, ապա ամեն ինչ անելու է, որ տուգանքը հնարավորինս մեծ լինի՝ միլիոնավոր դրամների հասնող: «Մենք դեպքեր ունենք, որ հավ գողանալու համար կալանավորում են, ինչո՞ւ պետք է իմ ընտրական իրավունքը գողացողը չպատժվի»:
ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կառավարության հերթական նիստը սկսեց ուշագրավ հայտարարությամբ. նշեց, որ երկրի կառավարման մոտեցումներն են փոխվել՝ նոր մոտցմամբ անցնում են առավել խիստ ռեժիմի, պետբյուջեի փողերը ծախսում են խնայողությամբ՝ ըստ նպատակի, պետական կարիքների համար նախատեսվող ծախսերն են կրճատում, կոռուպցիայի, եւ մենաշնորհի դեմ քայլեր են ձեռնարկվում. «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա»: Կառավարության ղեկավարը խոստովանում է, որ աշխատանքի մեջ թերացել են, եւ խոստանում է արատավոր երեւույթների դեմն առնելու համար քաղաքական կամք դրսեւորել: Վարչապետը խոստանում է նաեւ գործի անցնել խոսքից անմիջապես հետո: Կառավարության նիստն ավարտվում է ժամը 12.00-ին: Նիստի ավարտից 2 ժամ անց վարչապետի խոսքը սկսում է գործ դառնալ: Արդեն ժամը 14.00-ին Գառնի գյուղի բնակիչներին այցելում են ջրային կոմիտեի ներկայացուցիչները, գյուղացիներին հորդորում գյուղը ջրազրկել, ջուրը տանել Նարեկ գյուղ՝ վարչապետին պատկանող հողերն անջրդի չթողնելու համար: Կառավարության խոստացած հրաշքներին հրաշագործն ինքը չի հավատում:
ԱԹՍ ԵՆ ԽՈՑԵԼ
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է հայկական ուժերի կողմից անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: «Այսօր՝ /երեկ/ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ԶՈւ ՀՕՊ եւ ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական ԱԹՍ: Սարքի պատկանելության եւ արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը: