Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչման միտումը հստակ դժգոհություն առաջացրեց արտաքին կենտրոնների մոտ: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի անհամաձայնությունը ցույց տվեց, որ աշխարհն առայժմ այդ քայլի հանդեպ դրականորեն տրամադրված չէ: Հայաստանի համար Արցախի ճանաչումը ինքնանպատակ կլինի, եթե այդ քայլը դրական արձագանքի չարժանա ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի կողմից: Ուստի դժվար է պատկերացնել, թե ի՞նչ ենք շահելու այսօրվա պայմաններում Արցախի անկախության ճանաչման միակողմանի ակտից:

Ակնհայտորեն, Հայաստանն այդքան ուժեղ չէ այսօր, որ միակողմանիորեն կարողանա ճանաչել Արցախի անկախությունը: Հաշվի առնելով հայաստանյան քաղաքական էլիտայի ռուսահպատակության բարդույթը` կասկածելի է, որ Սերժ Սարգսյանն այդքան համարձակություն կունենա Ռուսաստանին նման փաստի առաջ կանգնեցնելու համար: Դա հաստատապես անհնար է նախ Հայաստանի տնտեսա-քաղաքական ռեսուրսների սահմանափակության պատճառով, եւ ապա պայմանավորված է իշխանության` Ռուսաստանից ունեցած կախվածությամբ:
Կասկածից վեր է, որ Արցախի անկախության ճանաչումը զգալիորեն խաթարելու է հայ-ռուսական հարաբերությունները: Այն փաստը, որ տարիների ընթացքում իշխանությունների ինքնանպատակ գործողությունների արդյունքում Հայաստանը դարձել է Ռուսաստանի ֆորպոստը, կարծես այլեւս բանավեճի ենթակա էլ չէ: Այժմ, ինչպե՞ս է հնարավոր, որ ֆորպոստը հանդգնի դեմ դուրս գալ կենտրոնին: Եթե նույնիսկ հասկացել ենք, թե ինչ ավերիչ քաղաքականություն է վարվել նախորդ տարիներին, այս պահին անթույլատրելի է այդ ամենին պատասխանել նույնօրինակ ծայրահեղությամբ: Ռուսաստանի հետ հարաբերություններում ցանկացած անզգույշ քայլ, եւ հատկապես Արցախի անկախության ճանաչման ակնհայտ դեմարշը, հղի է կործանարար հետեւանքներով: Ռուսաստանից ունեցած ներկայիս գերկախվածության պայմաններում առաջին պլան պիտի մղվեն այդ երկրի հետ տարվող դիվանագիտական ակտիվ բանակցությունները: Ցավոք, այժմ դա անհաջողության է մատնված հպատակի հոգեբանությամբ առաջնորդվող այսպիսի դիվանագիտական կորիզով:
Իսկ, ահա, արեւմուտքի գործողությունները կամ ավելի ճիշտ դրանց հստակ բացակայությունը հուշում են, որ Արցախի հարցը նրանց համար հրատապ թեմա չէ: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` քանիցս արված պնդումները ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիայի ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, այդպես էլ լուրջ արձագանքի չեն արժանանում արեւմուտքում: Քերրի-Լավրով զրույցներում ԼՂ-ի հարցը քննարկելով հանդերձ՝ ԱՄՆ-ն Արցախի հարցում իր շահագրգռվածությունը ցուցաբերող որեւէ գործնական ազդակ չի հաղորդում: Իրավիճակը հուշում է, որ արեւմուտքը Ռուսաստանի վրա է թողնում Արցախի հարցի կարգավորման բեռը` առնվանզ մինչեւ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի ընտրությունները: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է շեշտել, որ արեւմուտքն իրեն բավականին ազնիվ պահեց քառօրյա պատերազմի օրերին, ինչի վկայությունը CNN-ի հայտնի հաղորդումն էր, որտեղ նույն հարթության վրա ներկայացվեցին Ադրբեջանի ու Արցախի ԱԳ նախարարները: CNN-ը ԱՄՆ-ում պատահական լրատվամիջոց չէ, իսկ նրա եթերում աշխարհաքաղաքական հարցերում ապատեղեկացվածությունը բացառված է: Ստացվում է, որ արեւմուտքը այնքան էլ դեմ չէր հակամարտության` «Արցախ-Ադրբեջան» բանաձեւին, ինչը ոչ մի կերպ չօգտագործվեց Հայաստանի ատաքին գերատեսչության կողմից: Ներկա դրությամբ արեւմուտքը պատրաստ չէ իրական քայլերի, ինչը նշանակում է, որ Արցախի ճանաչման պես կարեւորագույն հիմնախնդիրը այստեղ եւս միանշանակ աջակցության չի արժանանում:
Անխուսափելիորեն Արցախի անկախության ճանաչումը փակելու է հարցի բանակցային կարգավորման ճանապարհը: Եթե Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը նրա իսկ սահմանադրությամբ, այսինքն` ազատագրված տարածքներով, նշանակում է, որ զրոյանում են թե՛ մադրիդյան սկզբուքնները, թե՛ տարածքային փոխզիջման հարցերը: Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը դառնում է լիովին անիմաստ, ինչը Ադրբեջանի երազանքն է: Հակամարտությունը եթե անմիջապես հրատապ սրացման էլ չգնա, դառնալու է միջազգային այն բոլոր կազմակերպությունների քննարկման առարկան, որտեղ Հայաստանը լուրջ դերակատարություն չունի: Ամեն անգամ հակահայ որեւէ բանաձեւի ընդունումից հետո Հերմինե Նաղդալյանի պես մի պատգամավոր դժգոհելու է «նավթադոլարների» հրաշագործ հատկությունից եւ ուրիշ ոչինչ: Իսկ Ադրբեջանն էլ իրավական հիմքեր է կուտակելու Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու ու միջազգային իրավունքին ներդաշնակելու համար` հարմար առիթի դեպքում էլ սրացման գնալով: Այսպիսով՝ Արցախի անկախության ճանաչմամբ Հայաստանն ինքն է հանդես գալու դեստրուկտիվ գործողություններով՝ հրաժարվելով Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ ի՞նչ ենք ստանալու փոխարենը: Հս.Կիպրոսի օրինակը հուշում է, որ ոչ մի այլ երկիր մեր ճանաչմամբ չի ճանաչելու Արցախի անկախությունը: Արդյունքում` էլ ավելի կսաստկանա Հայաստանի միջազգային մեկուսացումը: Ի դեպ, խիստ կարեւոր է, որ Արցախի անկախության ճանաչման մասին բղավող որեւէ մեկը գոնե մի պարզաբանում տա, թե ի՞նչ դրական արդյունքի է բերելու այդ քայլը. Բաքուն կապիտուլացվելո՞ւ է, Թուրքիան հավիտյանս լռելո՞ւ է, Արցախը ՄԱԿ-ի անդա՞մ է դառնալու:
Ի դեպ, տարբերակներից մեկն էլ կարող էր լինել այն, որ ԱԺ-ը ճանաչեր Արցախի անկախությունը, իսկ Սերժ Սարգսյանն առկախեր գործընթացն ու չստորագրեր օրենքը: Սակայն չի կարելի մոռանալ, որ փաստաթղթերը փոշոտվելու հատկություն ունեն: Կկրկնվի հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը, որոնք տարիներով մնացին խորհրդարանում` վերջնականապես անպիտան դառնալով: Նույնն էլ կարող է պատահել այս պարագայում` վնասելով Արցախի հարցում Հայաստանի ռազմավարությանը: Երբ խորհրդարանը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ նախագահական ստորագրությունն այդպես էլ չդրվի, ստացվելու է` նախագահը դեմ է դրան: Նման քայլի կարելի է գնալ միմիայն ծայրահեղ վիճակում, բայց այժմ կուլիսային գործընթացներից առավելագույնս օգուտ քաղելու փոխարեն փաստորեն ստացվում է, որ մենք առանց դաշնակիցների հրապարակայնացնում ենք մի գործընթաց, որի ո՛չ վերահսկողությունն է մեր ձեռքում, ո՛չ էլ կարող ենք ինչ-որ ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԾԿՀ-Ն ԿՎԵՐԱՆԱՅԻ ԲԵՆԶԻՆԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընթացիկ տարվա համար «Սի Փի Էս Օիլ» ընկերությունից գնել է 25 740 լիտր պրեմիում տեսակի բենզին՝ վճարելով 10 մլն 810 հզ 800 դրամ: Ըստ այս տվյալների՝ 1 լ. պրեմիում տեսակի բենզինի արժեքը ստացվում է 420 դրամ:

Պայմանագրի կնքման ժամանակ՝ 2016 թ. հունվարի 11-ին, բենզինի նշված գինը միգուցե շուկայական գներին մոտ է եղել, սակայն փետրվարից այն նվազել է եւ դարձել 380-390 դրամ: Այս խնդրի շուրջ ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ մրցույթ է հայտարարվել, ինչի արդյունքում ամենացածր գին ներկայացրած մասնակցի հետ կնքվել է բենզինի գնման պայմանագիր: Իսկ պայմանագրի համաձայն՝ բենզինի 1 լ. արժեքը կազմել է 420 դրամ, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում 1 լ. պրեմիում տեսակի բենզինի շուկայական գինը տատանվում էր 430-440 դրամի շրջանակներում:
Իսկ հանձնաժողովը չի՞ պատրաստվում վերանայել գնման պայմանագիրը եւ կրճատել բենզինի ծախսը՝ հաշվի առնելով նաեւ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի մայիսի 12-ի ելույթում առաջ քաշած մոտեցումները: Այս հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից հայտնեցին հետեւյալը. «ՀՀ կառավարության 2011թ. 168-Ն որոշմամբ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 84-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ շրջանակային համաձայնագրերի միջոցով ապրանքների գնման դեպքում, պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ապրանքի ամբողջ ծավալով մատակարարման ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր 6-րդ ամիսը լրանալը, պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա վերոնշյալ կարգով սահմանված պահանջներով՝ շրջանակային համաձայնագրերով կազմակերպում է տվյալ ապրանքի ձեռքբերման նոր ընթացակարգ: Հանձնաժողովը կկազմակերպի շրջանակային համաձայնագրի միջոցով բենզինի ձեռքբերման նոր ընթացակարգ, եւ մրցույթի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կկնքի նոր պայմանագիր»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Երեւանի բնակիչ, 1960թ. ծնված Աշոտ Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուրի Մաֆլար հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում դրսեւորել է անզգուշություն, չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել եւ այրել Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող ընդհանուր 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը՝ նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս: Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):
Այդ քրեական գործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, բացի այդ` պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգնվել է: Դատարանն անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին՝ համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը: Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը, ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Ա. Եղյանի վերաբերյալ դատավճիռը, նրան դատապարտել 186 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել ծանր պատժատեսակով եւ առավելագույն պատժաչափով: 2015թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ներկայումս այդ քրեական գործը քննվում է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի կողմից, դատական հերթական նիստը նշանակված է մայիսի 23-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս