Armenian text to speach

«ԿԱՐՈՂ ԵՍ ԱԿԱՄԱ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՑԱԿԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի արտիստ, «Զգուշացեք փողից», «Արտիստ» ֆիլմերից, «Դժբախտ երջանկություն», «Կյանքի գինը», «Վերադարձ» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Վարշամ Գեւորգյանին հեռուստադիտողները տեւական ժամանակ է` էկրաններին չեն տեսնում: «Ժողովուրդ»-ը Վարշամի հետ զրուցել է դրա պատճառների, իր հիմնած «22 production»-ի գործունեության, ասպարեզի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ:

-Վարշա՛մ, «22 production»-ը վիդեոարտադրությամբ (գովազդների, տեսահոլովակների) զբաղվելուց զատ գեղարվեստական ֆիլմ արտադրո՞ւմ է:
-Հիմա մեր փրոդաքշընով աշխատում ենք «Մի քանի հոգի» նախագծի նոր ալբոմի վրա, պատրաստվում ենք նկարահանել նաեւ տեսահոլովակ: Ֆիլմ արտադրելու համար պահանջները, որ դրել ենք մեր առջեւ, շատ բարձր են, իսկ դրանք բավարարելուն առայժմ պատրաստ չենք: Հիմա անունով ֆիլմեր շատ կան, բայց մենք չենք ուզում հետեւել դրանց օրինակին. գեղարվեստական ֆիլմն ուրիշ խնդիրներ ունի: Որոշ ռեժիսորների, պրոդյուսերների մոտ ինքնագնահատականը բավական բարձր է, իսկ ես, ստացած լինելով համապատասխան կրթություն, այդ ռիսկը չունեմ:
-Դուք առաջին դերասաններից էիք, որ նկարահանվեցիք հայկական սերիալներում: Իսկ հիմա օճառային օպերաներում Ձեզ ինչո՞ւ չենք տեսնում:
-Լավ սերիալ լինի, մեծ սիրով կնկարահանվեմ, իսկ այն, ինչ հիմա կա, ոչ թե վատ սերիալ է, այլ ընդհանրապես սերիալ չի:
-Կա՞ մի ժանր, որի շրջանակում միշտ ուզեցել եք հանդես գալ, բայց չի ստացվել:
-Բոլոր ժանրերում էլ չարած գործեր կան, կորցրած ժամանակներ կան: Այնքա՜ն քիչ եմ նկարհանվել, այնքա՜ն քիչ եմ խաղացել: Շատ դերեր կան, որ կցանկանայի խաղալ, բայց տեսեք` պետք է, օրինակ, տարեկան 200 ֆիլմ նկարահանվի, ինձ հրավիրեն խաղալու, դրանցից 50-ը իմ նախընտրելի ժանրը չլինի, 50-ում չհամաձայնեմ նկարահանվել ֆինանսների անբավարարության պատճառով, 50-ը գաղափարապես հարազատ չլինի, տակը մնա շուրջ հինգ տասնյակ ֆիլմ, դրանցից հաջողված լինի մի քանի հատը, որ ես ինձ բավարարված զգամ: Այդ ժամանակ նոր լուրջ կլինի ժանրային նախընտրության մասին խոսելը: Հիմա իմ դեպքում տակը բան չի մնում: Ուստի նկարահանվող ֆիլմերը պետք է ավելի շատ լինեն, թե չէ խաղում ենք այն, ինչ կա, հանդիսատեսն էլ դիտում է այն, ինչ կա: Քանակն իր սեւ գործն անում է:
-Այսօր մեր ռեժիսորների համար հաճախ առանձնապես նշանակություն չունի, թե ով կստանձնի այս կամ այն դերը: Այսինքն՝ դերասանները դարձել են հեշտ փոխարինելի: Համաձա՞յն եք:
-Ինքս հաճույքով կխաղամ այն դերը, որը ռեժիսորը կուզենա, որ հենց ես խաղամ: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի պես երկիրը ֆիլմարտադրության համար չի կարող հարուստ բյուջե ունենալ, սակայն այդ իքս գումարի բաշխումից շատ բան է պարզ դառնում: Եթե ֆիլմարտադրողը կարողանում է տեխնիկային, լույսի վարձակալությանը իքս գումար տրամադրել, բայց դերասանին դրանից մի քանի զրոյով պակաս է վճարում ու ասում, որ դրանից ավել չի կարող տալ, այդտեղից արդեն հասկանալի է դառնում, թե տվյալ ռեժիսորի կամ պրոդյուսերի համար որքան անկարեւոր է` կոնկրետ որ դերասանը կխաղա այդ դերը: Առհասարակ, երբ ինձ հրավիրում են խաղալ ֆիլմում, ես առաջինը ուշադրություն եմ դարձնում դրա գաղափարին: Հակառակ դեպքում կարող ես նկարահանվել անորակ ֆիլմում եւ ակամա դառնալ հանցակից: Իհարկե, երբեմն սիրելի մասնագիտությամբ զբաղվելու գայթակղությունը մեծ է, սակայն կարողանում եմ զսպել այն եւ ֆիլմերի մեջ ընտրություն կատարել:
-Ձեզնից հետո եկած դերասանական սերնդի մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Հայաստանում բոլոր մասնագիտությունների դեպքում էլ երիտասարդները շատ ավելի առաջադեմ են եւ գտնվում են «առաջին գծում»: Եթե մեր սերունդը, օրինակ, փորձում էր մի բան, որ տեսներ` ինչ կստացվի, եւ սխալվելու հավանականությունն ավելի մեծ էր, ապա այս նոր սերունդը հստակ տեսնում է արդյունքը, երիտասարդները գիտեն` ինչն է լավ եւ ինչը վատ:
-«Առաջին գծի» հետ կապված. այսօր բոլորիս հպարտությունն է մեր նոր սերունդի երիտասարդների մարտական ոգին, մեր զինվորների գործած սխրանքները: Ի՞նչ եք կարծում` մշակույթի գործառույթը պատերազմական այս իրավիճակում ո՞րը պետք է լինի:
-Մեր բոլորիս խնդիրը ժողովրդի կողքին կանգնելն է եւ սատարելը, որ ոչ մի դեպքում մարդիկ չթուլանան, միասնականությունը չկորցնեն: Իսկ այդ միասնականությունը կա, որը կեղծել, հորինել անհնար է: Արվեստագետի խնդիրն է օգնել մեր ազգի առջեւ ծառացած փորձությունները անցնել եւ թույլ չտալ, որ մարդիկ հանկարծ մի պահ հիասթափություն ապրեն:

 

 

 

 
ԷՐԻԿԸ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՄԱՐ ԵՐԳ Է ԳՐԵԼ

Երգիչ Էրիկը մայիսի 14-ին իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ` նկարահանված «Իմ ամենալավ» երգի հիման վրա (հեղինակներ` Ռիչարդ Մադլենյան եւ Սվետլանա Բոսնոյան): Այն, երգչի խոսքով, ավելի վաղ տարածում էր գտել համացանցում եւ սիրվել. «Ինձ շատերն էին խորուրդ տալիս այդ ստեղծագործության հիման վրա նկարահանել նաեւ տեսահոլովակ: Այն պատրաստ էր սրանից ավելի վաղ, սակայն մեր երկրի համար դժվարին ապրիլյան օրերին ոչ աշխատելու սիրտ ունեինք, ոչ էլ աշխատանքի արդյունքը ցույց տալու»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Էրիկը:

Նա նշեց, որ աշխատում է նոր նախագծերի վրա, մասնավորապես ձայնասկավառակների, որոնցում ընդգրկված երգերի հիման վրա հետագայում կնկարահանվեն տեսահոլովակներ, կկազմակերպվեն համերգներ. «Այս պարագայում երգերն ունենում են մեկ ընդհանուր գիծ եւ տեսակ, իսկ այստեղից-այնտեղից վերցված մեկը մյուսի հետ կապ չունեցող գործերը նման համերգներում տեղ չեն ունենում»,-շեշտեց Էրիկը:
Նրա խոսքով` ինքն այժմ ունի բոլորովին նոր երգեր մատուցելու մտահղացում. «Փորձելու եմ անել այն, ինչի կարիքն ու պահանջը հիմա կա, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում»,-ասաց Էրիկը` դեռեւս չցանկանալով բացել փակագծերը:
Առնո Բաբաջանյանի «ՁՉՏՌ րսպՊօ» ստեղծագործությունը կատարած երգիչը չի բացառում, որ առաջիկայում կանդրադառնա այս եւ այլ կոմպոզիտորների գործերին եւ դրանք կմատուցի նորովի:
Բազմաթիվ երգերի հեղինակ Էրիկը «Ժողովուրդ»-ին պատմեց նաեւ, որ ինքն ու Ավետ Բարսեղյանը երգիչ, երգահան Ֆիլիպ Կիրկորովի համար գրել են նոր երգ, որը կոչվում է «ԻպվքՌվՈ-րՏսվՓպ». «Դա արդեն պատրաստի խոսքերի հիման վրա երաժշտություն գրելու իմ առաջին փորձն էր. տեքստն արդեն պատրաստ էր, երբ Ավետը դիմեց ինձ: Գիտեմ, որ Կիրկորովը պատրաստվում է այդ երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Ի դեպ, ես նույնպես կատարել եմ այդ երգը, այդ թվում` մենահամերգիս ընթացքում, այդ գործն ընդգրկված է իմ ձայնասկավառակներից մեկում»,-նշեց Էրիկը:
Նա տեղեկացրեց, որ մտածում է նաեւ փոքրիկ համերգներով հանդես գալու մասին. «Ամիսներ առաջ տեղի ունեցած մենահամերգիցս հետո զգացի, որ հանդիսատեսն ունի նման հանդիպումների կարիք: Այնպես որ, կաշխատեմ նաեւ դրանք իրականացնելու ուղղությամբ»,- եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԵՐՋԻՆԸ
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը: eurovision.tv կայքից տեղեկանում ենք, որ եզրափակիչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա վերջինը` 26 համարի ներքո: Երկրները կներկայանան հետեւյալ հաջորդականությամբ` Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ՈՒ ԶՈՀԵՐԸ
Մյունխենյան Residenztheater թատրոնն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների եւ հետապնդումների մասին ներկայացում կցուցադրի: Ներկայացման հեղինակն է գերմանացի ռեժիսոր Նուրան Դավիթ Քալիսը, ում ազգում կան ե՛ւ հայեր, ե՛ւ թուրքեր: Այս մասին փոխանցում է Tert.am-ը` հղում անելով Deutsche Welle-ին: Բեմականացման հիմքում ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմական վեպն է: Նկարագրվում են իրական դեպքեր, պատմվում Մուսա լեռան մոտակայքում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների երկարատեւ ինքնապաշտպանության մասին. «Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, չի եղել սպանություն ազգային պատկանելության հիմքով»,- ասել է ռեժիսորը Մյունխենում նախագծի շնորհանդեսի ժամանակ: Նրա ներկայացման մեջ թուրք եւ հայ ժողովուրդների ներկայացուցիչները` «հանցագործներն ու զոհերը», ինչպես նշել է ռեժիսորը, կհանդիպեն բեմում` հարյուրամյա վաղեմության դեպքերի միասնական մեկնաբանմանը հանգելու համար: «Երեկոն անողոք կլինի միջոցների ընտրության հարցում»,- խոստացել է Քալիսը:

 

 

ԻՎԵՏԱՆ` ՏԱՐՎԱ ՄՈԴԵԼ
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Նա հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision՚s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն եւ երգչին: Կայքում ապրիլից մեկնարկած քվեարկությունը մայիսի 12-ից դադարեցվել է: Իվետա Մուկուչյանը ստացել է ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 միավոր:
Նրան իրենց ստացած ձայների քանակով հաջորդում են Ադրբեջանը (22.71%) եւ Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները:




Լրահոս