Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության և միջազգային իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել օրենսդրության վարչության:
Որոշմամբ նաև նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Բացի այդ, սոցիալական ոլորտի օրենսդրության և սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչությունը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող և մեթոդական ղեկավարում իրականացնող մարմին:
Ընդ որում` նախարարությունը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է ոլորտային օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծություն, առկա բացերի վերհանում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, քննարկում այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունները և մատնանշված խնդիրները, ներկայացնում համապատասխան լուծումներ:
Այսպիսով՝ կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված` ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը: Արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունը գնացել է օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով: