Քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ՝ բարեփոխված Ընտրական օրենսգիրք ունենալու համար: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը և հատկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրենսգիրք», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կա կոնսոլիդացիա, ինչի մասին է վկայում երկրորդ ընթերցմամբ նախագծին կողմ 95 ձայները:
«Հիմա մենք նախագիծը ներկայացրել ենք երրորդ ընթերցման և մայիսի 25-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում կդնենք քվեարկության: Մենք հույս ունենք, որ երրորդ ընթերցման ժամանակ ևս նման ծանրակշիռ ձայներով կընդունենք Ընտրական օրենսգիրքը», եզրափակեց ԱԺ փոխնախագահը: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը: