Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները մենք բնորոշում են որպես ռազմավարական գործընկերություն: Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
«Երկու բառերն էլ հասկանալի են: Գործընկերություն նշանակում է, որ մենք համագործակցում ենք, իսկ ռազմավարականը երկարաժամկետ բնույթ է կրում: Օբյեկտիվ գործոնները, որոնք ընկած են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմքում, հասկանալի են՝ աշխարհագրական մոտիկություն, տնտեսական կապեր, Ռուսաստանում ադրբեջանական մեծ սփյուռք: Դա ենք մենք անվանում ռազմավարական գործընկերություն: Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ՝ ի տարբերություն Հայաստանի, որի հետ մենք ունենք ռազմաքաղաքական կապեր, փոխաջակցության հարցով մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական»,-նշել է Պավլովսկին:
Դիվանագետի խոսքով՝ հենց դրանում է տարբերությունը: «Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկվում են հավասար մակարդակով, սխալ կլինի»,-հավելել է Պավլովսկին:
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հայ հանրության շրջանում: