Մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում 8 հանրապետության փաստաբանական կառույցների միջև ստորագրվել է «Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների խարտիա»-ն: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից խարտիան ստորագրել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Խարտիայի մասնակից երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետությունների փաստաբանական կառույցները, ստորագրելով փաստաթուղթն, ամրագրել են իրականացնել օրենքի գերակայության և օրենքի տառը պահպանելուն միտված համընդհանուր քայլեր՝ նպաստելով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի դերի բարձրացմանը:
Կողմերը շեշտել են փաստաբանության՝ որպես քաղաքացիական հասարակության վստահելի ինստիտուտի և ժողովրդավարական, իրավական պետության կարևոր բաղադրիչի, զարգացման անհրաժեշտությունը:
Փաստաթղթում ընդգծվել է համաշխարհային իրավական համայնքի կողմից ընդունելի համարվող միջազգային չափանիշներով և փաստաբանական կառույցների կողմից ընդունված մասնագիտական կանոններով սահմանված քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Խարտիան ստորագրած պետությունների փաստաբանական կառույցները վերահաստատել են, որ մասնագիտական իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս՝ փաստաբանները պետք է մշտապես առաջնորդվեն օրենքով, իրավաբանի մասնագիտական էթիկայի ընդունված կանոններով:
Փաստաթղթում ամրագրված է 13 հիմնական սկզբունք, որոնցով առաջնորդվելու են ստորագրած երկրների փաստաբանական կառույցները: Այդ սկզբունքները բաղկացած են փաստաբանի անկաշկանդ և անկախ գործունեության, փաստաբանների մեջ հավասարության, փոխօգնության, ինքնակառավարման, փաստաբանական գաղտնիքի պահպանման անկյունաքարային սահմանումներից: Խարտիան ուժի մեջ է մտել բստորագրման պահից: