Արդի աշխարհում տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն առաջ են անցնում քաղաքականից. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 19-ին Սոչիում, ելույթ ունենալով Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովի լիագումար նիստում, հայտարարել Է Հանձնաժողովի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին:

Նա հանդես Է եկել Հանձնաժողովի եւ Ասոցիացիայի միջեւ փոխգործակցության զարգացման օգտին. «ԵԱՏՀ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ երկխոսության հարցը հասունացել Է եւ մեզ անհրաժեշտ Է՝ որոշել այդ համագործակցության ձեւաչափերը»: Նրա կարծիքով՝ փոխգործակցության արդյունավետ ձեւաչափերից մեկը կարող Է դառնալ առեւտրի, տեխնիկական կարգավորման, մաքսային կարգավորման եւ խոչընդոտների նվազեցման ոլորտներում բիզնես հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային մակարդակներում ինտեգրացման զարգացումը ժամանակակից համաշխարհային տնտեսական գործընթացների իրական թրենդ Է: «Տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր այլընտրանք չունեն»,-հայտարարել Է Տիգրան Սարգսյանը: Այդ թրենդի դրսեւորումներից մեկը ԵԱՏՄ-ի ստեղծումն Էր, ինչը պայմանավորված Էր մասնակից երկրների իրական տնեսական շահերով:

Կոլեգիայի նախագահն ընդգծել Է, որ ԵԱՏՄ-ն ձեւավորվել Է որպես գրավիչ միջազգային նախագիծ, որի հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել աշխարհի արդեն շուրջ 40 պետություններ: Մասնավորապես, Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովի նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոխըմբռնման հուշագրեր Է ստորագրել Ասոցիացիայի երկու անդամների՝ Սինգապուրի Հանրապետության եւ Կամբոջայի Թագավորության հետ:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշել Է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը 2016 թվականին Հանձնաժողովի աշխատանքի գերակայությունն Է:

ԵԱՏՀ-ի խոսնակն ընդգծել Է, որ «տարածաշրջանային ինտեգրացման գլխավոր նպատակը տնտեսական աճի ներուժի իրացումն Է»: Խոչընդոտների վերացումը, առեւտրի համար միասնական պայմանների ու կարգավորման նորմերի ստեղծումը ավելի բարենպաստ պայմաններ են ապահովում բիզնեսի վարման համար: Մինչդեռ հսկողության ուժեղացումը, ընդհակառակը, նեղացնում Է տնտեսական աճի հեռանկարները: Դա, հատկապես, ակներեւ Է արդի աշխարհում, որտեղ «տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն առաջ են անցնում քաղաքական գործընթացներից»:

Դա ռիսկեր Է ստեղծում նաեւ վերազգային մարմինների համար, ինչպիսիք են Եվրահանձնաժողովը եւ ԵԱՏՀ-ն, որոնք ավելի ու ավելի հաճախ են բախվում գլոբալ Էկոնոմիկայում արագորեն փոփոխվող թրենդների հետեւից չհասնելու ռիսկին: Բիզնեսի օբյեկտիվ շահերի ազդեցությամբ փոխվում Է համաշխարհային տնտեսական ճարտարապետությունը, եւ ինտեգրացիոն միավորումները կոչված են դառնալ իրական տնտեսության եւ ձեռնարկատիրական հանրակցության պահանջմունքների արտահայտիչները:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նաեւ կարծիք Է հայտնել «բարձրտեխնոլոգիաների եւ ինտեգրացիոն թվային հարթակների ձեւավորման ոլորտում կոոպերացման նոր ձեւերի զարգացման» կարեւորության մասին, քանի որ Էլեկտրոնային առեւտուրը նվազեցնում Է տրանզակցիոն ծախսերը եւ հավելյալ հնարավորություններ ստեղծում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար:




Լրահոս