Արտառոց դեպք Մասիսում. կինը հայհոյել և քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Սուսաննա Գ.-ն զանգահարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ նախկին ծանոթն իրեն ծեծի է ենթարկել:

Ահազանգի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արսեն Օ.-ն, Բագրատ Վ.-ն և Հրաչյա Թ.-ն մեկնել են դեպքի վայր, որտեղ նկատել են, որ Սուսաննա Գ.-ն գտնվում  է ալկոհոլի ազդեցության տակ, և վերջինիս սթափության աստիճանը ստուգելու համար Արսեն Օ.-ն Հրաչյա Թ.-ին խնդրել է զանգահարել շտապօգնություն: Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Սուսաննա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում քննության անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ նույն դեպքի վերաբերյալ քաղաքացի Սուսաննա Գ.-ի մոր հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն




Լրահոս