ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին Երեւանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: «Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարեւոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի եւ ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարեւոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- ասել է Սերժ սարգսյանը:
Նշելով, թե տեղյակ է՝ որքան շատ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Սերժ Սարգսյանը խնդրել է ԵՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, եւ ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից:
Ղազախստանի վարչապետը իր եւ գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Երեւանում ջերմ հյուրընկալության եւ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքի նախապատրաստման ու անցկացման հարմարավետ պայմանների ապահովման համար: «Մեզ համար առջեւում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել եւ օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,-ասել է վարչապետ Կարիմ Մասիմովը:
Նա տեղեկացրել է, որ այսօր վարչապետների մակարդակով անցկացվող նիստում ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ քննարկման համար նախատեսված են բազմաթիվ հարցեր, եւ այսօրվա քննարկումների ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կփորձեն դրանք լուծել:
Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ Սերժ Սարգսյանը կարեւորել է անվտանգության բաղադրիչը եւ այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: