Շուրջ մեկուկես տարի է, ինչ Երեւանից Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղի չի գործում: Ոչ մի ընկերություն հայտ չի ներկայացնում՝ այս ուղեգիծը սպասարկելու մրցույթին մասնակցելու համար: Պատճառն այն է, որ այդ երթուղում շատ են օրինական եւ անօրինական տաքսիները, եւ «գիծը» շահող ընկերությունը կարող է դրանց մրցակցությանը չդիմանալ: Մինչդեռ միկրոավտոբուսային երթուղու բացակայությունը խնդիրներ է ստեղծում ուղեւորների համար:
Տաքսի մեքենաներով Երեւան հասնելու համար նոյեմբերյանցիները 3 հազար դրամ են վճարում, իսկ միկրոավտոբուսի ուղեվարձը 2 հազար դրամ էր: Ուղեւորները, զանգահարելով տաքսի ծառայություններ, չգիտեն, թե որ վարորդն է իրենց սպասարկելու: Նրանք 200 կմ ճանապարհն անցնելու համար իրենց կյանքը վստահում են անծանոթ վարորդների, որոնց մեջ նաեւ անփորձներ կան: Ստացվում է վիճակախաղի նման, եթե ուղեւորների բախտը բերի, անփորձանք կհասնեն Երեւան:
Ոսկան Սարգսյան
Տավուշ