Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Շահումյանի շրջան՝ դիրքապահներին հանդիպելու և շրջանի տնտեսական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Արայիկ Հարությունյանը այցելել է շրջանում գտնվող զորամասերից մեկը, որտեղ ողջունել է տեղի զինվորականներին և գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ապրիլյան առաջին օրերից Արցախում գտնվող երկրապահ կամավորականներին:
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Ապրիլի 2-ից մինչև վերջին օրերը հայկական երկու պետությունների համար պատմական փուլ էր: Ադրբեջանը փորձում էր ստուգել Արցախի բանակի մարտունակության աստիճանը, և նրանք հասկացան, որ ոչ միայն մեր բանակը, այլ նաև ողջ հայ ազգը պատրաստ է պատերազմի: Իհարկե, առաջնագծում հիմնական դերակատարը հայկական բանակն է, բայց այսօր բոլորս ենք բանակային, բոլորս ենք զինվոր:
Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է երեք միլիոն զորք, հայկական մեծ սփյուռք, որն ամեն քայլափոխի պատրաստ է աջակցելու հայրենիքին: Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ կամավորներ շտապեցին Արցախի առաջնագիծն ամրացնելու: Շատերը պատրաստակամ էին գալու Արցախ, սակայն մերժեցինք նրանց, քանի որ դրա կարիքը չկար: Շնորհակալ ենք բոլոր կամավորներին, նրանց, ովքեր կանգնեցին և ովքեր պատրաստ էին կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում:
Կուզենայի խորին շնորհակալություն հայտնել մեր ժամկետայիններին, որովհետև այսօր տասը միլիոն հայ դրական առումով մոռացել է բոլորին և հպարտանում է 18-20 տարեկան հայորդիներով, հպարտանում է մեր սպաներով: Նրանք թույլ չտվեցին հակառակորդին ավելի լայնածավալ գործողություններ կատարելու, մեր ժամկետայինները հարցը լուծել են ինքնուրույն և կարճ ժամկետում»:
Այնուհետև Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից կառուցվող՝ 7 ՄՎտ հզորությամբ «Լև-1» և «Մեչտա» ՍՊԸ-ի կողմից կառուցվող՝ 11 ՄՎտ հզորությամբ «Ջերմաջուր» փոքր ՀԷԿ-երի շինհարթակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ա. Հարությունյանը կարևորել է շրջանի ջրային ներուժի արդյունավետ օգտագործման նշանակությունը՝ հայտարարելով, որ առաջիկա տարիներին զգալիորեն ավելացվելու է հիդրոէլեկտրակայանների քանակը:
Այցի շրջանակում Ա. Հարությունյանը եղել է նաև Քարվաճառ քաղաքում, որտեղ շրջանի և համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է համայնքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև պատասխանել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերին:
«Այս տարի մթերող ընկերությունների կողմից շարունակվելու է շրջանում մշակվող մրգերի և բանջարեղենի մթերման գործընթացը: Կառավարությունն այդ հարցում աջակցելու է համայնքներին, որպեսզի ժամանակին հավաքված բերքը հասցվի գործարաններ՝ առանց քանակական սահմանափակումների»,- հանդիպմանը հայտարարել է վարչապետը՝ հորդորելով համայնքապետներին այդ հարցում ավելի ակտիվ ու կազմակերպված աշխատանք իրականացնել: