Մայիսի 12-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին. «Արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից փորձեց հետաքրքրվել, թե որտեղ է թաքնված կոռուպցիան, որ այսքան ժամանակ ման են գալիս, սակայն չեն կարողանում գտնել :
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, որտե՞ղ է այդ կոռուպցիան թաքնվել, որ չեք կարողանում գտնել:
-Ես կարծում եմ, որ Դուք այս հարցը պետք է ուղղեք իրավապահ մարմիններին:
-Դուք 1982-2010 թթ. ծառայել եք ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, որպես իրավապահ համակարգի նախկին աշխատակից, այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որ չեք կարողանում գտնել ու վերացնել:
-Գիտեք՝ կոռուպցիայի մասին կարելի է խոսել շատ երկար եւ անվերջ, բայց կոռուպցիա ասածը դա մի քանի հոդվածներ են, եւ այդ հոդվածները պետք է կոնկրետ ուսումնասիրել եւ ասել՝ ինչի մասին է խոսքը: Այսօր ես գտնում եմ, որ եթե վարչապետը հայտարարել է պայքար, ուրեմն պայքարը պետք է լինի:
-Վարչապետը խոսեց նաեւ կառավարման արդյունավետ համակարգի եւ խնայողությունների անցնելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, կոնկրետ Ձեր ղեկավարած գերատեսչությունը ի՞նչ խնայողությունների գնաց, ի՞նչ եք, այսպես ասած, հետ գցել այս ընթացքում:
-Հարցը քննարկվում է, կնայենք, կտեսնենք եւ ըստ դրա որոշում կկայացնենք: Վերջերս ենք 10 հաստիք կրճատել, բայց ընդհանուր առմամբ ՀՀ վարչապետը տեղյակ է, ես զեկուցել եմ, իր հանձնարարությամբ է եղել: Հիմա կնայենք, կտեսնենք, եթե հնարավոր եղավ, էլի կկրճատենք, եթե ոչ` ոչ :
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան