Հովիկ Աբրահամյանը քիչ անց կհանդիպի գառնեցիներին. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 2 տարի է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները պայքարում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագրի դեմ: Ըստ որի՝ Ազատ գետի ջուրը խողովակներով պետք է տեղափոխվի Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերը: Ինչին դեմ են արտահայտվել Գառնիի բնակիչները, եւ ի նշան բողոքի՝ նրանք երեկ բողոքի ակցիա են անցկացրել եւ փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը:

Այս անգամ գառնեցիներին միացել են Գողթի բնակիչները: Այս խնդրի շուրջ գառնեցիները բազմաթիվ անգամ փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը: Երեկ նրանք նույնպես փակել են ավտոճանապարհը: Նշենք, որ գառնեցիները բողոքի ակցիան անցկացնում էին «Դուրս բերեք շինարարական տեխնիկան Ազատի կիրճից», «Ազատի կիրճին ազատություն», «Պահանջում ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը» պաստառներով:

«Ժողովուրդ»-ը բնապահպան Լեւոն Գալստյանից տեղեկացավ, որ գառնեցիների բողոքի ակցիայի ժամանակ Ազատի կիրճում շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Գառնիի բնակիչները պահանջում են Ազատ գետի կիրճից դուրս բերել շինարարական տեխնիկան: Ի դեպ, արդեն երեք օր է, ինչ Ազատ գետի կիրճում առկա 3 տեխնիկային ավելացել է եւս 3-ը:

Բողոքի ակցիայի ընթացքում գառնեցիները հայտարարեցին, որ ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր՝ մի շարք պաշտոնյաների պատկանող այգիները ջրելու համար: Ի դեպ, երեկ գառնեցիների կողքին են եղել նաեւ Գողթի բնակիչները: Վերջիններս նույնպես բողոքում են:

Այսօր, ժամը` 16:00-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի գառնեցիների հետ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս