Ա. Մազմանյանի անվան «Գոյ» եւ Երեւանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնների արտիստ, ֆիլմերից, հեռուստասերիալներից հայտնի դերասան Սամվել Թոփալյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին մանրամասներ է հայտնել «Ժողովուրդ»-ին:
Հայկական արտադրության կինոնկարի աշխատանքային անվանումն է «Կռիվ եւ կյանք», ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում նկարագրվում են Արցախյան ազատամարտի տարիները, իսկ երկրորդում` այսօրվա օրերը. «Ես հանդես եմ եկել առաջին մասում` մարմնավորելով հատուկ նշանակության ջոկատի վաշտի հրամանատարի: Ֆիլմում ներկայացվում է 90-ականների ոչ կանոնավոր բանակի վիճակը, որը չես կարող համեմատել մեր այսօրվա բանակի հետ, այդ տարիների մարդկային փոխհարաբերությունները, քաղաքական վիճակը, որսորդական հրացաններով կռիվները, իշխող թալանը, դավաճանությունը»,-մեկնաբանեց Սամվելը:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թադեւոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը եւ այլք: Ս. Թոփալյանը մարմնավորում է Բ. Չոբանյանի կերպարի երիտասարդությունը:
Բացի այս կինոնախագծից` Սամվելին առաջիկայում` շուրջ մեկուկես ամսից, կտեսնենք նաեւ «Գոյ» թատրոնի բեմում` նոր ներկայացման շրջանակում: Դրա սցենարը ստեղծվել է իտալացի գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերայի պատմվածքների հիման վրա (ռեժիսոր` Սամսոն Ստեփանյան): «Ես այս ներկայացման մեջ երկու կերպար եմ կերտում` համակենտրոնացման ճամբարից փախած տղայի, եւ, այսպես կոչված, «մոմով մարդու»: Ինձ հետ նույն բեմում կլինեն Արթուր Մանուկյանը, Տրդատ Մակարյանը, Սարգիս Չոլոյանը, Գուրգեն Սարգսյանը, Գայանե Բալյանը եւ այլք»,- մանրամասնեց դերասանը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Առաջին ալիքով ամիսներ առաջ հեռարձակվող Սամվելի մասնակցությամբ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմն արդյոք շարունակական է լինելու եւ մենք նրան` գլխավոր դերակատարին, էլի կտեսնե՞նք կատակերգական ժանրում. «Չգիտեմ` այն կշարունակվի, թե ոչ: Դեռ ոչ մի խոսակցություն չկա»,-ասաց դերասանը:
Աննա Բաբաջանյան