Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` զեկուցել այն հանձնարարականի մասին, ըստ որի՝ պետք է կրճատվի պետական գերատեսչություններին սպասարկող ծառայողական մեքենաների թվաքանակը: Այլ կերպ ասած՝ կառավարությունը անցնում է խնայողության ռեժիմի:
Ի տարբերություն կառավարությանը՝ Ազգային ժողովում խնայողություններ կատարելու մասով որեւէ տեղաշարժ չի նկատվում:
Այս ամենը հաշվի առնելով՝ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել՝ Ազգային ժողովում երբ են պատրաստվում անցնել խնայողության ռեժիմի: «Ազգային ժողովում վաղուց է այդ ռեժիմը սկսվել»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Թովմասյանը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն էլ այդ գործընթացից որոշակի մանրամասներ ներկայացրեց: «Ազգային ժողովը միշտ է խնայողությունների ռեժիմով: Տարվա սկզբից աշխատակազմի ղեկավարի կողմից եղավ հանձնարարություն, որպեսզի ընդհանուր բոլոր ստորաբաժանումները վերանայեն իրենց հաստիքների անհրաժեշտությունը եւ, ըստ այդմ, ներկայացնեն առաջարկություն:
Այնպես որ, պրոցեսը տարվա սկզբից սկսված է, եւ բոլոր ստորաբաժանումները այդ ուղղությամբ աշխատում են: Իհարկե, տարվա սկզբին արդեն կային քայլեր, մասնավորապես կրճատվեցին այն հաստիքները, որոնք որ պայմանագրային հիմունքներով էին աշխատում, այսինքն՝ դրանք հաստիքներ չէին, այլ վարձու աշխատակիցներ, որոնց գործառույթները բաժանվեցին մյուս աշխատողների միջեւ, եւ նրանց անհրաժեշտությունը ուղղակի վերացվեց: Բայց քանի որ պրոցեսը դեռ շարունակվում է, ուստի այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե որքան գումար է խնայվել:
Դեռեւս այդպիսի հաշվառում չի արվել: Մոտավոր հաշվարկով շուրջ 20 աշխատակցի հետ պայմանագրերը լուծվել են: Մեքենաների մասով էլ վաղուց են դուրս գրվել այն մեքենաները, որոնք անհրաժեշտություն չեն եղել: Հիմա էլ շարունակվում են աշխատանքներն այդ ուղղությամբ: Միաժամանակ նշեմ, որ դեռեւս նախորդ տարվանից ԱԺ նախագահի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ խիստ հսկողության տակ են գործուղումները, դրանց հետ կապված բոլոր ծախսերը: Այս առումով էլ ունենք բավականաչափ խնայողություններ»,-հավաստիացրեց Բաբայանը:
Այսպիսով՝ ստացվում է, որ այն, ինչ Հովիկ Աբրահամյանը դեռ նոր է նախատեսում, Գալուստ Սահակյանն ու Հրայր Թովմասյանը վաղուց են սկսել: Միայն թե, ափսոս, այդպես էլ չներկայացվեց, թե դրա արդյունքում որքան գումար է խնայել Ազգային ժողովը:
Արփինե Թովմասյան