Կուզենայի մոտ ժամանակներում գնալ «Եվրատեսիլ», որ հաղթանակը մերը լիներ. Նարեկ Մակարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայտնիների հետ: Այս կերպ մենք միասին կբացահայտենք նրանց էությանը բնորոշ գծերը, մանրամասներ, որոնց մասին գուցե չենք իմացել: Այս անգամ մենք զրուցել ենք երգիչ, ընդգծված անհատականություն Նարեկ Մակարյանի հետ:

-Նարե՛կ, Դուք ծնվել եք, որովհետեւ…

-Որովհետեւ այդպես է ստացվել (ժպտում է): Իրականում ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ, թե ինչու եմ ծնվել:

13275851_1058763234204742_427556802_n

-Ամենակարեւոր բանը, որ երբեւէ արել եք:

-Փորձել եմ միշտ ազնիվ լինել:

-Չեք հանդուրժում…
-Սուտը, խաբեությունը, դավաճանությունը` կլինի դա ընկերոջ, թե սիրելի էակի կողմից: Երբ դա նկատում եմ, սովորաբար առանց որեւէ բան ասելու հեռանում եմ: Բայց հնարավոր է՝ նաեւ երկար վիճեմ, քանի որ տաքարյուն բնավորություն ունեմ, համենայն դեպս, փորձում եմ վեճերից խուսափել:

-Ամենատպավորիչ վայրը, որտեղ եղել եք:

-Դա շոշափելի վայր չի: Ամենատպավորիչ տեղն իմ մտքերի, պատկերացումների մեջ է:

-Երբեք չեք հասկացել մարդկանց, որոնք…

-Որոնք շատ մեծամիտ են: Երբեմն արտիստների մասին էլ են նման կարծիքի լինում, բայց ես կարող եմ ասել, որ եթե նույնիսկ ստեղծագործական կյանքում իմ կերպարների միջոցով նման տպավորություն եմ թողել, ապա անձնական կյանքում ես բոլորովին մեծամիտ չեմ:

-Աղջիկների կողմից Ձեր հասցեին հնչեցրած ամենատպավորիչ արտահայտությունը:

-Որ ասում են` ինչ «душка» տղա է: Ախր իմ ի՞նչն է «душка» (ծիծաղում է):

-Կանանց գրավելու Ձեր միջոցը:

-Առաջնայինը` ինտելեկտը: Ամեն տղամարդ նրանց գրավելու իր գաղտնիքն ունի, ես էլ ունեմ իմը, որը չեմ բացահայտի: Եթե ես ուզենամ, բոլորի դեպքում դա կգործի:

13236093_1058763230871409_1951601195_n

-Ձեզ հետ երբեւէ պատահած ամենաանհեթեթ դեպքը:

-Օրինակ` մոտոցիկլետ գնելը: Ես երբեւէ չեմ վարել մոտոցիկլետ, պահի ազդեցության ներքո որոշեցի գնել, այն էլ` ամենաարագընթացը: Ի դեպ, արդեն սովորել եմ վարել: Վերջերս մի անհեթեթ, ավելի ճիշտ` անսպասելի բան էլ եմ արել, որոշեցի սանրվածքի կտրուկ փոփոխության դիմել, երկար վարսերիցս ազատվեցի, այն էլ` շատ սպոնտան որոշման արդյունքում:

-Խոսքեր, որոնք մշտապես ուղեկցում են Ձեզ:

-Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:

-Որպես քաղաքացի պարտավորված եք զգում…

-Լինել ակտիվ նաեւ քաղաքացիական հարցերում: Ինձ միայն արվեստը չէ, որ հետաքրքրում է, ես մտածում եմ նաեւ այն խնդիրների մասին, որոնք ունի մեր ժողովուրդը` սկսած էլեկտրաէներգիայի թանկացման հարցից մինչեւ պատերազմական վիճակ. ուժերիս ներածին չափով փորձում եմ օգտակար լինել հասարակությանը:

-Օր, որին անհամբերությամբ սպասում եք…

-Կուզենայի մոտ ժամանակներում գնալ «Եվրատեսիլ», որ հաղթանակը մերը լիներ: Առհասարակ, լավ կլիներ, որ հայերից մեկը հաղթեր այդ մրցույթում:

-Նշեք մի քանի բան, որ ամեն մարդ պետք է պարտադիր անի:

-Ամենակարեւոր բաներից մեկը, կարծում եմ, ընտանիք կազմելն է, ժառանգ ունենալը, լավ հայր կամ մայր լինելը:

13249456_1058763224204743_1100809847_n

-Կյանքը սիրելու համար բավական է միայն…

-Դրա համար մի բանը շատ քիչ է, բայց, իհարկե, կողակից ունենալը, կարծում եմ, շատ բան է փոխում` կյանքը վառ գույների մեջ տեսնելու համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս