ՆԻՍՏ՝ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնը երեկ՝ երեկոյան, հայտնվել էր շրջափակման մեջ, եւ տպավորություն էր, թե այնտեղ արտակարգ դրություն է հայտարարված:
Բանն այն է, որ ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընթանում էր կուսակցության ԳՄ նիստը, իսկ ՀՀԿ գրասենյակի մոտ Մաքսային միասնական միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ: ՀՀԿ նիստից դեռ մեկ ժամ առաջ ակտիվիստները հավաքվել էին Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասում եւ վանկարկում էին` «Ո՛չ ճնշմանը, այո՛ ինքնորոշմանը», «Ազատ, անկախ Հայաստան»: Ինչպես նախօրեին Բաղրամյան 26-ի դիմացից, այնպես էլ երեկ ՀՀԿ շենքի մոտից եղան բերման ենթարկվողներ. Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանավիճելու համար բերման ենթարկվեց Վրեժ Զատիկյանը՝ խորհրդային տարիների այլախոհ գործիչ Ստեփան Զատիկյանի որդին: Հիշեցնենք, որ Ս. Զատիկյանը տարիներ շարունակ անցկացրել է բանտերում, իսկ 1977թ. խորհրդային դատարանի որոշմամբ գնդակահարվել: Եվ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցները պատահական չէին համարում, որ ՌԴ առաջարկած Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից բերման ենթարկեցին հենց խորհրդային քաղբանտարկյալի որդուն:
Ինչեւէ, ՀՀԿ նիստը մեկնարկեց մոտ կես ժամ ուշացումով: Ընդ որում, Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը եկավ շենքի հակառակ կողմից՝ այդպես խուսափելով բողոքի ակցիայի մասնակիցներից: Սակայն դա չփրկեց նրան. բողոքի ակցիայի մասնակիցները, տեսնելով ավտոշարասյունը, սկսեցին սուլել ու վանկարկել՝ «Ամոթ», «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Չեբուրաշկա» եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստը երեկ տեւեց մոտ երկու ժամ, որից հետո ՀՀԿ-ականները շատ արագ անհետացան:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ նիստում Ս. Սարգսյանը ներկայացրել է Պուտինի հետ հանդիպման մանրամասները, ասել, որ Մաքսային միությանն անդամակցելը համարել է ճիշտ: Եղել է նաեւ քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների մասին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀԿ ԳՄ-ն միաձայն ողջունել է Մաքսային միությանն անդամակցելու մասին Ս. Սարգսյանի հայտարարությունը: Իհարկե, ՀՀԿ-ում այլ կերպ չէր կարող լինել. այս կուսակցությունում եթե անգամ որեւէ մեկն ունի այլընտրանքային կարծիք, ապա այն բարձրաձայնելը, առավել եւս Ս. Սարգսյանին հակադրվելը, ինքնըստինքյան արգելված է:
Շարմազանովը նաեւ նշեց, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է` ելնելով երկրի պետական շահերից` շեշտելով, որ Մոսկվայում Ս. Սարգսյանի նկատմամբ ճնշումներ չեն եղել: «Շանտաժի, ճնշումների մասին ուղղակի ծիծաղելի է խոսել, դա կայացվել է մեր կողմից, մեր ցանկությամբ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա Շարմազանովը դրանք համարեց բնական: Սակայն, ըստ նրա, հասարակական գլոբալ ճնշում իրենք չեն զգում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս