Սերժ Սարգսյանը հրահանգել է «շատ չխորանալ» Միհրան Պողոսյանի գործով. պատմությունը կփակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է երկու շաբաթից ավել, ինչ hատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ է հարուցել: Սակայն մեզ հասած տեղեկություններով` մինչ օրս ՀՔԾ քննիչները Միհրան Պողոսյանին չեն հարցաքննել, ավելին` անգամ ՀՔԾ չեն հրավիրել նրան:

Չեն հարցաքննի

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Եվ ՀՀ գլխավոր դատախազությունն այս հրապարակմանը ընթացք էր տվել ու ոստիկանությանը հանձնարարել ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկություnները: Ավելի ուշ դատախազությունը ուսումնասիրման գործընթացը հանձնարարեց hատուկ քննչական ծառայությանը եւ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Եվ, ահա, անցել է երկու շաբաթից ավել, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ծանուցում չի ուղարկել, որպեսզի ներկայանա հարցաքննության եւ, ըստ էության, ցուցմունք տա ստեղծված իրավիճակի շուրջ: Եվ ինչպես ցույց են տալիս զարգացումները, Միհրան Պողոսյանին չեն էլ հրավիրի ՀՔԾ` հարցաքննության:

«Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Միհրան Պողոսյանին հարցաքննել են: Ի պատասխան՝ Ահարոնյանն ասաց. «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործին վերաբերող այլ տվյալներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով»:

Իհարկե, նախաքննության գաղտնիությունը կարեւոր է: Բայց պարզ է, որ այս գործը միայն իրավական ընթացք չունի: Եւ ուրեմն ինչու են ՀՔԾ քննիչները հապաղում ԴԱՀԿ նախկին պետին հարցաքննության հրավիրել:

«Ժողովուրդ»-ին ստեղծված իրավիճակից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, երբ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ վերնախավը քաղաքական հրահանգ է ստացել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի շրջանակներում: Ասել է, թե ՀՔԾ քննիչները որեւէ կաշկանդվածություն չպետք է ունենան եւ օրենքի ողջ խստությամբ պետք է իրականացնեն իրենց առջեւ դրված պարտավորությունները: Սկսված ինտենսիվ քննչական ու օպերատիվ գործողությունները հասան այնտեղ, որ իրականում լրջագույն փաստեր ի հայտ եկան Միհրան Պողոսյանի մասով: Ընդ որում, ուշագրավ փաստեր են հայտնաբերվել նաեւ Պողոսյանի ԴԱՀԿ պետի պաշտոնում ծավալած գործունեության օրերից: Բնական է` այս իրավիճակի մասով եւս իրավապահները իրար հերթ չտալով՝ սկսեցին զեկուցել Սերժ Սարգսյանին, թե իրենց ղեկավարած կառույցներից ով ինչ նոր բացահայտումներ է արել Միհրան Պողոսյանի մասով:

Բայց ինչպես երեւում է՝ այդ բացահայտումները դուր չեն եկել Սերժ Սարգսյանին, եւ նա հրահանգել է իրավապահներին «շատ չխորանալ» Միհրան Պողոսյանի գործով եւ 3-4 ամսվա ընթացքում սառեցնելով գործի քննությունը՝ «փակել պատմությունը»:

Զիջումների առաջին քայլը

Մայիսի 17-ին գրել էինք, որ Հայաստանի քաղաքական վերնախավը կատարեց իր առաջին քայլը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ զիջումների գնալու գործընթացի սկիզբը դրվեց: Միհրան Պողոսյանի թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի ունեցած ծեծի գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով:

Միհրանն ինքնապաշտպանվում է

Օրեր առաջ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր. «Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների եւ շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին:

Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական «LGT» բանկում: Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան՝ հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյությունը: Այսպիսով՝ փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետեւաբար չկա ֆինանսական շարժ, ուստի եւ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ : Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին: Ինչպես նկատում ենք՝ Միհրան Պողսյանն արդեն անցել է հրապարկային պաշտպանության:

Սա էլ կկարճեն

Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ քրոջ որդի Միհրան Պողոսյանն այս անգամ էլ կներվի. նա Սերժ Սարգսյանի սիրելին է: Ըստ ամենայնի, մոտ 4 ամսից այս փաստի առթիվ հարուցված քրեական գործը եւս կկարճվի կամ կկասեցվի` մոռացության մատնելով պետության հաշվին հարստանալու անթույլատրելիության, կոռուպցիայի դեմ պայքարի խոստումների եւ այլ խոստումների մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս