Գնդեվազցին իր հողը չի վաճառում «Գեոթիմ»-ին. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում Ամուլսարի ծրագրի իրականացման համար Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի երեք բնակչի պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Դա արվում է` այդ տարածքները «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրամադրելու նպատակով:

Ամուլսարի ծրագիրն իրականացնում է 2005 թվականին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման «Lydian International» օֆշորային ընկերությունը: Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից եւ Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա: Ամուլսարի ծրագրի շրջանակներում բաց եղանակով շահագործվելու է Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Իսկ ոսկին հանքաքարից կորզվելու է Գնդեվազի վարչական տարածքում կառուցվող կույտային տարրալվացման հարթակում (կույտային տարրալվացումը արտադրական պրոցես է, որի ընթացքում ոսկին, արծաթը, պղինձը կամ այլ մետաղները կորզվում են ապարից) ցիանիդի միջոցով: Այս ամենի համար ընկերությունը պատրաստվում է ներդնել 370 մլն դոլար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2015 թվականին Գնդեվազի տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Ըստ «Գեոթիմ»-ի՝ այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին եւ պատշաճ ձեւով սկսելու համար: Նշենք, որ շինարարությունը իրականացվելու է երկու տարվա ընթացքում:
Սակայն ընկերությունը չէր հաշվարկել, որ իր ծրագիրը իրականացնելու ճանապարհին բարդ խնդիրների առաջ է կանգնելու: Այսպես՝ ներկայումս ընկերությունը փորձում է ձեռք բերել եւս 4 հողակտորներ, որոնք գտնվում են ենթակառույցների համար նախատեսված տարածքի կենտրոնական մասերում: Դրանք պատկանում են երեք սեփականատերերի եւ դեռեւս ձեռք բերված չեն ընկերության կողմից՝ հողի սեփականատերերի անհամաձայնության պատճառով: Դրանք ձեռք չբերելու դեպքում շինարարական աշխատանքները չեն կարող լրիվ ծավալներով սկսվել, ինչի արդյունքում կխոչընդոտվի ծրագրի իրականացման ընթացքը:

Հողակտորների սեփականատերերից մեկի անհամաձայնությունը կապված է «Գեոթիմ»-ի առաջարկած փոխհատուցման գումարի հետ: Ըստ Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի՝ հողատարածքի սեփականատերը ցանկանում է վաճառել այն եւ դեմ չէ ծրագրին: Սակայն ընկերությունն էլ հակառակն է պնդում՝ հավաստիացնելով, որ իրենց առաջարկած փոխհատուցման գինը շուկայականից ավելի բարձր է: Այս սեփականատիրոջ հետ դեռ հարցերը չպարզած «Գեոթիմ»-ը խնդիրներ ունի նաեւ մյուսների հետ: Գնդեվազցի մյուս երկու սեփականատերերի դեպքում կան հողի առքուվաճառքի հետ կապված սահմանափակումներ, որոնց լուծումը չափազանց բարդ է, քանի որ հողամասերից մեկը սեփականատիրոջ կողմից գրավադրված է, իսկ երկրորդի սեփականատերը բացակայում է երկրից:

«Այդ հողակտորների սեփականատերերից մեկը բանկային հաշիվների հետ կապված խնդիրներ ունի, ինչի համար էլ գրավադրված է իր հողակտորը: Այն պետք է գրավադրումից հանվի, ինչից հետո ընկերությունը կարող է ձեռք բերել: Հողակտորը ԴԱՀԿ-ն պարտքի դիմաց բռնագանձել է: Բայց սեփականատերը մեծ գումարներ է պարտք: Իսկ մյուս հողակտորի սեփականատերը այժմ Գերմանիայում է եւ փախստականի կարգավիճակով է այնտեղ ապրում: Նա այնտեղից չի կարող ոչ մի տեսակի փաստաթուղթ ուղարկել, որպեսզի հողակտորը վաճառվի ընկերությանը: Երրորդ սեփականատերն էլ անձամբ է հրաժարվում իր հողն օտարել եւ չի համաձայնում ընկերության առաջարկած գնի հետ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս հարցը կառավարության միջամտությամբ պետք է լուծվի»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը:

Նշենք, որ «Գեոթիմ»-ը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ փորձելով այս կերպ հարցին լուծում տալ: «Գեոթիմ»-ը պնդում է՝ կառավարության կողմից նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ՝ գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառի հողամասի սեփականատերերին: Ուստի ծրագրի իրականացման եւ ենթակառույցների շինարարության համար անհրաժեշտ է ձեռք բերել Գնդեվազի վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, որոնք գտնվում են նշված ծրագրի ներքո: Ըստ ընկերության՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին: Բացի այս՝ ընկերությունը խոստանում է, որ ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա գյուղերի աշխատուժով:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը այս խնդրին անդրադառնալիս հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում Սեւանա լճի համար: Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սեւան թունելի քայքայմանը, իսկ հետո նաեւ այդ շատ վտանգավոր եւ ռեակտիվ ջրերի` դեպի Սեւանա լիճ թափանցմանը:

Այս ամենից հետո, թե ինչպես կվարվի Կառավարությունը` պարզ կդառնա առաջիկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս