Տարոն Մարգարյանը հետևել է Street Music’s Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող Street Music’s Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին: ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի, բազմաթիվ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Հյուսիսային պողոտայում և ունկնդրել երաժշտական տարբեր խմբերի ու անհատների ելույթները:

Կարևորելով միջոցառման անցկացումը Երևանում՝ քաղաքապետը նկատել է, որ այն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու երաժիշտների համար իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Լիտվայի համար սա յուրովի անդրադարձ է այդ հոբելյանին, առավել ևս, որ Լիտվան աշխարհի առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ միասին այցելել է նաև Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մեկնարկել էր միջոցառման գալահամերգը՝ հայ և լիտվացի նշանավոր երաժիշտների մասնակցությամբ: Բեմից ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնության կյանքի կոչմանն աջակցելու համար` ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Street Music’s Day միջոցառումն ավանդական կդառնա նաև Երևանում:
Նկատենք, որ Հյուսիսային պողոտայի հարթակներում և Շառլ Ազնավուրի հրապարակում ունկնդիրների պակաս չկար, ինչը փաստում է, որ Լիտվայում արդեն 10-րդ տարին անընդմեջ անցկացվող և մեծ ժողովրդականություն վայելող Street Music’s Day միջոցառումը սիրվեց նաև Երևանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս