ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից կայացրած որոշումից հետո Հայաստանից մեկնած պատվիրակությունները երեկ Բրյուսելում երկու ճակատով «կռիվ էին տալիս». մի կողմից ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մյուս կողմից ՀՀԿ-ականները՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում: Նրանց վրա խնդիր էր դրված եվրոպացիներին համոզել, որ Մաքսային միությանը միանալը չի նշանակում Եվրամիության հետ կապերի խզում: Դրանք կարելի է համատեղել:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Երեկ՝ վաղ առավոտից, պաշտոնապես հաղորդվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կհանդիպի ԵՄ ընդլայնման քաղաքականության եւ հարեւանության հարցերով Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ավելին, հանդիպման ընթացքում կքննարկվեն հարցեր, որոք կապված են Երեւանում Արեւելյան գործընկերության կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման հետ: Սակայն մինչեւ օրվա վերջ ԱԳՆ-ն այդպես էլ այդ հանդիպման մասին ոչինչ չհաղորդեց: «Ժողովուրդ»-ին իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի ժամանակով 22-ի սահմաններում Նալբանդյան-Ֆյուլե հանդիպումն արդեն կայացել էր, եւ պետք է 30 րոպեի ընթացքում այդ մասին տեղեկություն հրապարակվեր: Սակայն մինչ ուշ կեսգիշեր (01:00 անց) պաշտոնական որեւէ տեղեկություն այդպես էլ չհաղորդվեց: «Ժողովուրդ»-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Նալբանդյանը բավական ծանր կացության մեջ է եղել, ու նրան չի հաջողվել Ֆյուլեի հետ «լեզու գտնել»: Ավելին, ԵՄ պաշտոնյան ակնարկել է, որ հնարավոր է՝ Հայաստանն ընդհանրապես դուրս մնա «եվրոպական գործընթացներից»: Դրա համար էլ ոչինչ չէր հաղորդվում:

ԾԱՆՐ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին մասնակցած ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքների ընթացքում, բնականաբար, չէր կարող շրջանցվել ՀՀ որոշումը Մաքսային միությանը միանալու մասին: Շուրջ 300 մասնակիցների շրջանում մոտ 1,5 ժամ տեւած քննարկումների ժամանակ նախ ելույթ են ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրանք հիմնավորել ու կարեւորել են այն որոշումը, որ կայացվել է Սերժ Սարգսյանի կողմից: Ըստ ՀՀԿ-ականների՝ որոշումը բխել է ՀՀ պետական, էներգետիկ անվտանգության շահերից ու եղել է ռացիոնալ քայլ: «Մենք բացատրեցինք, որ Մաքսային միություն մտնելու որոշումը չի անդրադառնա Եվրամիության հետ մեր հարաբերություններին: Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը՝ փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաեւ, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել»,-ներկայացրեց Ա. Զաքարյանը: Իսկ Աշոտյանն առաջարկել է հետեւյալը. «Եթե հնարավոր չէ նախաստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ապա առաջարկում ենք Ասոցացման համաձայնագիրը վերամշակել եւ նախաստորագրել առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք կային դեմ արտահայտվողներ, եւ հնչեց արդյոք կտրուկ կարծիք, որ Հայաստանը չպետք է ստորագրի ԽՀԱԱՀ Ասոցացման համաձայնագիրը, Զաքարյանը պատասխանեց. «Բնականաբար, քննարկումների ժամանակ եղան նաեւ հակառակ կարծիքներ, թե անհնար է համատեղել: Բայց մենք բացատրեցինք, որ տնտեսապես գուցե անհնար է, բայց քաղաքականապես դրանք միմյանց ամենեւին չեն հակասում: Ասեմ, որ մեզ մեծամասամբ հաջողվեց բացատրել իրավիճակը եւ փարատել այն թյուր տպավորությունը, տեղեկությունները, թե մեր օրակարգում այլեւս չկա ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու խնդիր: Մեր խնդիրը, ըստ էության, փոխադարձ հասկացվածության միջավայրի պահպանումն էր: Իհարկե, վաղը (արդեն այսօր-Թ.Մ.) էլի կշարունակվեն քննարկումները»:
Զաքարյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն իրավիճակի վրա, որ ԵՄ առաջատար պաշտոնյաներն իրենց հայտարարություններում երբեմն կտրուկ են, երբեմն՝ զգույշ: Ու որպես 1-ին աշխատանքային օրվա արդյունքների ամփոփում՝ Զաքարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ընդհանուր առմամբ գոհ է. «Մենք, օգտագործելով այդ հարթակը, ներկայացրինք Հայաստանի դիրքորոշումը, որպեսզի հետագա թյուրիմացություններից զերծ մնանք»:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ, որը միանգամայն այլ տեղեկություն հայտնեց. «Եվրոպացիներն այսօր իրենց փաստաթղթով՝ ԵԺԿ քաղաքական համաժողովի բանաձեւով, ոչ միայն դատապարտեցին Արեւելյան գործընկերության անդամ երկրների հանդեպ Ռուսաստանի շանտաժն ու ճնշումները, այլեւ հստակ հայտարարեցին, որ գործում է «կա՛մ… կա՛մ» սկզբունքը եւ Մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է Ասոցացման ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման հետ»: Իսկ թե ինչ կլինի առաջիկայում, արդյոք կհաջողվի ՀՀԿ-ին իր «քույր» կուսակցությանը համոզել՝ իրականացնել Աշոտյանի առաջարկը՝ քաղաքականապես լինել Եվրոպայի, իսկ տնտեսապես ՌԴ-ի հետ, դեռ դժվար է ասել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ, անկախ Բրյուսելում արձանագրված ձախողումներից, ԵՄ հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը ՀՀ սեպտեմբերի 12-ին կկայանա:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս