«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ՁՎԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանից որոշում ստացավ այն մասին, որ դատարանը, 9-ը դատավորների մասնակցությամբ քննելով օրաթերթի բողոքն ընդդեմ օլիգարխի, որոշել է այն վերադարձնել:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել գործարար Խաչիկ Խաչատրյանի դեմ` նրանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր վարքի համար, քանի որ երբ «Ժողովուրդ»-ի լրագրող Սոնա Գրիգորյանը հարց էր ուղղել, «Ձվերի Խաչիկ» մականունով հայտնի գործարարն ի պատասխան վիրավորել էր` նրան անվանելով «պրաստիտուտկա»: Ի տարբերություն մեր պահանջի՝ գործարարը երկու տարբեր դատական հայցերով օրաթերթից շուրջ 6,5 մլն դրամ է պահանջում:
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը մի քանի դատական նիստեր գումարեց, դեմքի շատ խիստ արտահայտությամբ լսեց կողմերին, սակայն անհասկանալի տրամաբանությամբ որոշեց, որ Խաչիկի եւ մեր լրագրողի միջեւ տեղի ունեցած զրույցը եղել է մասնավոր: Եվս մեկ անգամ չենք կարող կասկածի տակ չդնել այդ տիկնոջ վարքաբանությունը, որը գործարարի կողմից գիտակցված հրապարակային վիրավորանքի փաստը համարեց մասնավոր զրույց: Գուցե իրեն հաճա՞խ են «պրաստիտուտկա»-ով դիմում առօրյա մասնավոր զրույցներում:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը եւ Սոնա Գրիգորյանն առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկեցին ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս դատարանը եւս մերժեց մեր բողոքը: Ու քանի որ «Ժողովուրդ» օրաթերթն իր առջեւ խնդիր էր դրել մինչեւ վերջ պայքարել, դիմեցինք նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես եւ սպասվում էր, այս դատարանը եւս թելեց առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների թելը՝ որոշելով վերադարձնել բողոքը:
Ի՞նչ է ստացվում. ըստ դատարանների կայացրած վճիռների՝ լրագրող Սոնա Գրիգորյանի եւ գործարար Խաչիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, որ Խաչիկի գիտությամբ ձայնագրվել եւ հրապարակվել է, համարվում է մասնավոր զրույց, ինչը նշանակում է, որ պատժելի արարք չէ: Ասել է թե՝ Հայաստանի դատարանները խրախուսում են մասնավոր զրույցներում, նույնիսկ հրապարակային բնույթ ստացած զրույցներում «պրաստիտուտկա» բառի կիրառումը:
Իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ-ում գործող «ամենաարդար» դատարանները որոշեցին կանգնել օլիգարխի կողքին: Մենք էլ, օգտվելով դատարանների կողմից կայացված վճիռների բովանդակությունից բխող  հնարավորությունից, կարող ենք փաստել, որ դատավորները «պրաստիտուտկայից» ոչնչով չեն տարբերվում, քանի որ նրանք կայացրել են կամայական վճիռներ, չեն կիրառել օրենքն ամբողջությամբ եւ անհիմն հղումներ են կատարել օրենքի բացերին՝ գերադասելով հաճոյանալ փողաշատ գործարարին:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9,19 եւ 10871 հոդվածները: 9-րդ հոդվածն օրենքի անալոգիայի հատվածն է. «Սա նշանակում է, որ եթե մի ոլորտ չի կարգավորվում օրենքով, այսինքն՝ այս դեպքում մասնավոր եղանակով հասցված վիրավորանքը, որն օրենքով չի սահմանվում, ապա դատարանն իրավունք ունի կիրառել օրենքի անալոգիա, այսինքն՝ միանման վիճակը կարգավորող օրենք: Մենք ունենք հրապարակային վիրավորանքի դեպքում պատասխանատվություն եւ չունենք մասնավոր վիրավորանքի դեպքում պատասխանատվություն: Եվ Քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածի հիման վրա դատարանը կարող էր կիրառել հրապարակային վիրավորանքի հոդվածը նաեւ, այսպես ասած, մասնավոր դեպքի համար»:
Ըստ փաստաբանի` դատարանների կայացրած վճիռներով խախտվել է նաեւ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»: Այսինքն՝ դատարանները խախտել են անգամ երկրի մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը:
Տ. Աթանեսյանի խոսքով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կոչված էր հետեւելու օրենքի միատեսակ կիրառմանը, քանի որ դա իր սահմանադրական պարտականությունն է. «Վճռաբեկ դատարանը նաեւ պարտավոր էր տալ այս ամենին գոնե հիմնավորում, թե մերժելու դեպքում ինչու է մերժել կամ հակառակը: Բայց արդյունքում նա դատարկ որոշում է ուղարկել կողմերին»:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը կշարունակի իր պայքարը եւ դատարանների կողմից թույլ տրված սխալները կբողոքարկի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանում, որպեսզի այսուհետ որեւէ գործարարի, օլիգարխի կամ պաշտոնյայի մտքով չանցնի վիրավորել լրագրողին եւ մնալ անպատիժ: Եվ որ ամենակարեւորն է, չպետք է մարդու արժանապատվության պաշտպանությունը երկրում իրականացվի՝ ըստ գրպանի պարունակության:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս