«ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ»-Ն ԽԱԽՏՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՀՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռեւս 2011թ., իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձեւերը եւ այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երեւան քաղաքի ավագանուն:
Երեւան քաղաքի ավագանու որոշումները տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ եւ անհարմարություններ:
Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երեւանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ: Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որեւէ կազմակերպություն կամ սարքավորում եւ կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով: Հետեւաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն:
Կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաեւ տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիներ վճարեցին ամբողջ տարվա համար սահմանված տուրքը, որից հետո միայն կատարվեց վերահաշվարկ, եւ նրանց վերադարձվեց այդ գումարի մի մասը:
Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ տուրքի սահմանումը սոցիալական առումով որեւէ կերպ հիմնավոր ու նպատակահարմար չէ, ապա այդ խնդիրն անհրաժեշտ էր բարձրացնել դեռեւս վերը նշված օրենքի ընդունման ժամանակ: Այնուամենայնիվ, կառուցողական առաջարկությունների առկայության դեպքում կարելի է նաեւ հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:
Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարեւորության մասին: Դրանք չպետք է լինեն ձեւական եւ ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունն իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների եւ օրինական շահերի խախտմանը»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:




Լրահոս