ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԱՄԱՐԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի է  անցել  այն օրվանից, երբ  «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվեցին կամարանցումների (դալան) վերականգնման  աշխատանքներ: Դրանց նկարազարդումների վրա բավական մեծ գումարներ ծախսվեցին, սակայն այսքան կարճ ժամանակ անց արդեն կամարանցումների մեծ մասը կրկին գտնվում է անմխիթար վիճակում:
Նշենք, որ 2012թ. նորոգվել եւ մաքրվել են 127 շենքերի ճակատամասեր: Նորոգվել եւ գունազարդվել է նաեւ շենքերի 85 կամարանցում: Երեւան քաղաքի 2012թ. բյուջեով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կամարանցումների վերանորոգման եւ գունազարդման աշխատանքների համար նախատեսվել է 86,8 միլիոն դրամ, որի շրջանակներում վերանորոգվել եւ գունազարդվել է շուրջ 70 կամարանցում: Ծրագիրն ավարտին հասցնելու համար նախատեսվում էր իրականացնել եւս 58 կամարանցումի գունազարդման եւ վերանորոգման աշխատանքներ: 2012թ. օգոստոսի 10-ին գումարված արտահերթ նիստում ավագանու հավանությամբ 44 մլն 62 հազար դրամ հատկացվեց կամարանցումների վերանորոգման եւ 36,5 մլն դրամ՝ կամարանցումների գունազարդման համար:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւան քաղաքի 2013թ. բյուջեով «Կամարանցումների եւ այլ շինությունների վերանորոգում եւ գունազարդում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում 2013թ. վերանորոգվել եւ գունազարդվել է թվով 35 կամարանցում: Իսկ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 54 մլն 696,100 դրամ:
Կամարանցումների գունազարդման թեմաները տարբեր են՝ սկսած հայկական թեմաներից՝ հայկական բնաշխարհ, երեւանյան տեսարաններ, հայտնի նկարիչների կտավներից արտատպումներ, հայ մեծ բանաստեղծների, երաժիշտների ու անվանի այլ արվեստագետների դիմանկարներ եւ այլն, մինչեւ «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» կարգախոսով լուծումներ:
Տեղեկացնենք նաեւ, որ 2011թ. հուլիսին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ստորագրել էին հուշագիր` սկիզբ դնելով «Գեղեցիկ Երեւան» ծրագրին, որի նպատակը մայրաքաղաքի միջավայրի բարելավումն էր: Ծրագիրը տեւելու էր 2 տարի եւ իրականացվելու էր համատեղ ֆինանսական միջոցներով: Ըստ ծրագրի՝ նախատեսվում էր հուշարձանների պատվանդանների եւ դրանց հարակից տարածքների բարեկարգում եւ լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում, քաղաքապետարանի եւ ՄԱԶԾ-ի համատեղ ընտրված թաղամասում պիլոտային ծրագրի իրականացում:
Արդեն 2012թ. Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի հաղթողներին գեղարվեստական ձեւավորման հետաքրքիր առաջարկների ներկայացման համար հանձնեց հավաստագրեր ու պարգեւավճարներ` մաղթելով նոր ու հետաքրքիր գաղափարներ:
Այս ամենի շնորհիվ, իհարկե, Երեւանն առավել գեղեցիկ դարձավ, իսկ բակային տարածքները` ավելի կոկիկ ու հարմարավետ: Խնդիրն այն է, սակայն, որ, ինչպես միշտ, այս դեպքում եւս կատարված աշխատանքների որակը գերազանց չէր. հատկացված ոչ փոքր գումարներով հնարավոր էր այդ նկարազարդումները կատարել առավել մնայուն նյութերով, առավել եւս, որ նկարազարդողների մեծ մասը Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներ էին, որոնք դա արել էին անվճար հիմունքներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս