
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանից հայտնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 22-ին ընդունել է Սիրիայից եւ Իրաքից Հայաստան ժամանած ասորի ուղղափառ եկեղեցու շուրջ 50 ուխտավորների՝ Մեծ Բրիտանիայի ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի ուղեկցությամբ:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ երկու եկեղեցիների պատմական առնչությունները հասնում են մինչեւ հեռավոր խորքեր: Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին շարունակել նեցուկ լինել Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչությամբ Աթանաս եպիսկոպոսը անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, ինչի հետեւանքով տարածաշրջանի խաղաղ բնակչությունը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջեւ: