«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՐ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գրողները, արվեստագետները եւ ընդհանրապես գրականասեր հասարակությունը վերջին հրաժեշտը տվեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրամատուրգ, ՀԳՄ անդամ Սամվել Խալաթյանն այսպես բնութագրեց Լեւոն Անանյանին. «Ոչ միայն գրողական ընտանիքը, այլեւ մեր ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ։ Անանյանն այն գործիչներից էր, որոնք միշտ գիտեին, թե երբ, որտեղ պետք է լինի մտավորականը։ Ցուրտ ու մութ տարիներին, երբ թվում էր, թե փակվում են բոլոր դռները, 1992թ. հիմնադրեց «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ Ոմանք գուցե զարմացած ասում էին՝ երկիրը փլվում է, երկրի կեսից ավելին աղետից քանդված է բառի բուն իմաստով, գրքերը կիլոգրամներով են վաճառում, այրում են ձմռանը չմրսելու համար, իսկ նա «Ապոլոն» հրատարակչություն է հիմնում։ Բայց նա այդ պահին զգաց, թե որտեղ պետք է լինի ճիշտ հրատարակիչը, մտավորականը, գրողը, հրապարակախոսը… Նա շատ սիրուն, գողտրիկ բանաստեղծություններ ունի, բայց կուրծք չէր ծեծում, որ ինքը բանաստեղծ է. ոչ թե այն բանի համար, որ բանաստեղծ չէր, այլ որպեսզի ի բնե բանաստեղծի տիտղոսն իրենց վրա վերցրածները չնեղվեին։ Նա ժողովրդավար էր, կարողանում էր յուրաքանչյուրի հետ հարաբերվելու արժանապատիվ ձեւ գտնել, ընդ որում, արժանապատիվը ոչ միայն իր անձին էր վերաբերվում, այլ մեզ բոլորիս։ Ամեն մեկս արժանապատվություն էինք զգում ԳՄ նախագահի հետ հարաբերվելիս, ոչ մեկի ծննդյան օրը չէր մոռանում: Մեր գիրքը լույս էր տեսնում, ամենաշատ ուրախացողն ինքն էր։ Եղել են դեպքեր, երբ գիրքս նոր է լույս տեսած եղել, բայց հանդիպելու ժամանակ նա արդեն իմ գրքից հատվածներ էր մեջբերում։ Ընդհանրապես մշակույթի բնագավառի մարդկանց, այդ թվում՝ գրողներին ղեկավարելը շատ դժվար է (եւ դա բնական է), բայց նա կարողացավ գրողներին մի հարկի տակ հավաքել, եւ այդտեղ կարողացանք վերստին միմյանց ճանաչել, միմյանց գնահատել Լեւոն Անանյանի շնորհիվ։ Մենք սովոր էինք, որ կազմակերպիչը պետք է աշխույժ քայլվածքով, արագախոս, ճառ ասող լինի, բայց նա այդպիսին չէր եւ իր համեստությամբ, ինքնությամբ, իր նկարագրով կարողացավ ղեկավարել։ Շնորհակալություն նրան իր լինելիության համար»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս