ՀԻՇԵՑԻՆ
Երեկ ՀՀ կառավարությունը յոթ միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված «Անտոն Քոչինյան. կյանքը եւ գործունեությունը» եւ «Անտոն Քոչինյանը ժամանակակիցների հուշերում» գրքերը տպագրելու համար:
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Է
Ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար Էդգար Հակոբյանն այս օրերին Հայաստանում է: Էդգարն իր գործունեությունն ավելի շատ ծավալում է դրսում: Այս ընթացքում նա հասցրել է համագործակցել Միխայիլ Շուֆուտինսկու, Դմիտրի Մալիկովի, Սոսո Պավլիաշվիլու, Լյուբով Ուսպենսկայայի եւ այլ հայտնի մարդկանց հետ: Էդգարը համագործակցել է նաեւ հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ: Նրա վերջին աշխատանքը եղել է Հայկոյի հետ` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սաունդթրեքի վրա: Խոսելով հայկական շոու բիզնեսի մասին եւ այն համեմատելով դրսի շուկայի հետ` Էդգարը նշել է. «Ցավոք, հայկական շոու բիզնեսը դեռ անցումային փուլում է եւ լավ վիճակում չէ: Օրինակ` Ռուսաստանում բիզնես կա, շոու չկա, իսկ Հայաստանում անհասկանալի է` որը կա»:
ԱՆՑՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԻ
Հոլիվուդյան հայտնի դերասան, «Օսկար»-ի եռակի մրցանակակիր 76-ամյա Ջեք Նիքլսոնը թոշակի է անցնում: Արդեն 3 տարի է, ինչ դերասանը չի նկարահանվում կինոյում, պատճառը առողջական խնդիրներն են, որոնք թույլ չեն տալիս աշխատել: Դերասանը սկսել է կորցնել հիշողությունն ու պարզապես չի կարողանում հիշել սցենարի տեքստը:
ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
Օրերս հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին, որտեղ էլ ներկայացրել է իր փեսացուին՝ Ռոմեն Դորիակին: Վենետիկ գալուց մեկ օր առաջ Յոհանսոնը Դորիակից ստացել է ամուսնության առաջարկ ու ադամանդե մատանի, որը կրել է կինոփառատոնի ժամանակ: Սքարլեթն ու Ռոմենը նշանադրված են, զույգը պատրաստվում է ամուսնանալ: