
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ ամերիկացի զինծառայողները լիկվիդացրել են աֆղանական «Թալիբան» շարժման առաջնորդ Ահթարա Մանսուրին, փոխանցում է BBC-ն:
«Մենք ազատվել ենք խմբավորման առաջնորդից, ով շարունակում էր հարձակումներ նախապատրաստել և իրականացնել ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերի դեմ: Նա պատերազմում էր աֆղանական ժողովրդի դեմ և շփման մեջ էր այնպիսի ահաբեկչական խմբավորումների հետ, ինչպիսին «Ալ-Քաիդա»-ն է»,-ասվում է Օբամայի հայտարարության մեջ:
Օբաման կոչ է արել աֆղանցի թալիբներին համաձայնության գալ Քաբուլի հետ բանակցություններում, քանի որ դա «միակ իրատեսական միջոցն» է համարում Աֆղանստանում կոնֆլիկտի դադարեցման համար:
«Մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը Պակիստանի հետ, որտեղ ահաբեկիչները, որոնք սպառնում են մեր ազգերին, անում են ամեն ինչ, որպեսզի զրկեն մեզ անվտանգությունից: Կոնֆլիկտից այդքան տարի անց այսօրվա օրը հույս է տալիս և՛ աֆղանցի ժողովրդին, և՛ ողջ տարածաշրջանին»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ավիահարվածն իրականացվել է ԱՄՆ նախագահի թույլտվությամբ: