ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «ՊԲ-ի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Շաբաթ օրը ՊԲ-ի առաջին գծում էի, ասեմ, որ տրամադրությունները շատ բարձր էր, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարել»,- նշեց նա:
Անդրադառնալով կորցրած տարածքներին` նախարարը վստահեցրեց, որ մարտական գործողությունների ժամանակ միշտ էլ լինում է զորքերի տեղաշարժ։ «Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ` բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»:
Դիտարկմանը, թե այդուհանդերձ պե՞տք է արդյոք մոռանալ այդ տարածքների մասին, նախարարը պատասխանեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով, կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»: