
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայաստանը շարունակում է խաղաղ բնակչության վրա հարձակումները: Ռմբակոծությունների արդյունքում մարդիկ են զոհվել, ավելի քան 500 տուն փլուզվել է»,- Report-ը մեջբերում է Ալիևի խոսքը:
Ալիևի խոսքով՝ «Հայաստանն արգելված զենք է կիրառել, մասնավորապես, ֆոսֆորային ռումբեր»: «Այդ բոլոր խախտումները փաստագրված են»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:
Իր ելույթի ժամանակ Ալիևը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը կամ պատժամիջոցների ենթարկվի»,- հայտարարել է Ալիևը:
Ալիևն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ «այն լուծում չի ստանա ավելի քան 20 տարի»: Ալիևը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ:
Ալիևը բարձրացրել է նաև Մեծամորի ատոմակայանի հարցը: Նա «տարածաշրջանի համար վտանգավոր» է որակել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը: