2013թ. ամառային սեզոնին Վրաստանի ծովափնյա շրջաններում ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: Միայն վերջին երեք օրում արձանագրվել է երկու դժբախտ դեպք. ալիքներին զոհ է գնացել երկու երիտասարդ կյանք, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ջրահեղձության հիմնական պատճառներն են լողալ չիմանալը, գինովցած կամ ուշ երեկոյան ծովում լողալը, անվտանգության կանոններին եւ սպասվելիք փոթորկի նախազգուշացումներին չհետեւելը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ՝ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը վերաբերող խնդիրները եւ հորդորում Վրաստանում իրենց հանգիստը կազմակերպող ՀՀ քաղաքացիներին պահպանել ծովափնյա հանգստի անվտանգության կանոնները, հետեւել զգուշացնող նշաններին եւ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի կողմից պարբերաբար տարածվող եղանակային պայմանների փոփոխությանը վերաբերվող հայտարարություններին, փոթորկի նախազգուշացումներին: