Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը եւ նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ,Նախախորհրդարանիե քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ նշվում է.
“Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգն իր բոլոր, այդ թվում` արդարադատության, բաղադրիչներով հանդերձ վերածվել է յուրային երկրին ու ժողովրդին կեղեքելու, ստրկացնելու եւ ստորացնելու մեքենայի:
Ծանրագույն հանցագործություն կատարած անձանց օրենքի առաջ անպարտ համարելու, իսկ իր եւ եղբոր կյանքն ու արժանապատվությունը պաշտպանած սպայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու այս դեպքն ավելին է, քան պարզապես աղաղակող անարդարություն:
Այս դեպքը, ինչպես նաեւ Մաքսային միությանն անդամակցելով պետության ինքնիշխանությունը հանձնելու գործողությունները, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ու քրեական տարրերի համակցված բռնությունները եւ դատական հետապնդումները յուրային երկրի ու ժողովրդի նկատմամբ վարվող պատերազմի մասին բացահայտ ցինիզմով հայտարարելու քայլեր են, ուստի պետք է ստանան համարժեք գնահատական ու պատասխան:
Միեւնույն ժամանակ` անգամ կլանային բուրգի իշխանության սասանման հաշվին դրա վերնախավի ներկայացուցչին զոհաբերելուց հրաժարվելու, ինչպես նաեւ պետության ինքնիշխանությունը զիջելու եւ բռնությունների դիմելու այս քայլերը վկայում են այն մասին, որ վարչախմբի եւ նրա պարագլխի սոցիալական հենարանն ու ռեսուրսները խիստ սահմանափակ են եւ ըստ էության հասել են նվազագույնի շեմին:
“Նախախորհրդարանը” կոչ է անում աչքի առաջ ունենալ պետական կառավարման համակարգի ինքնափլուզման ու նրա կորիզը կազմող վարչախմբի հոգեվարքի այս նշանները, ինքնակազմակերպվել եւ օր առաջ ձեւավորել դրանց զուգահեռաբար գործող դատական, օրենսդիր ու գործադիր մարմիններ` անհրաժեշտ պահին երկրի կառավարումն ստանձնելու եւ մեր պետականության շարունակականությունն ապահովելու նպատակով”: