Հասմիկ Պապյանը ռեժիսորի արարքը համարում է ցածր և անթույլատրելի. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում վերջերս կայացավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: «Առավոտ»-ը օրեր առաջ գրել էր, որ դատելով արձագանքներից՝ ներկայացման հետ կապված հանդիսատեսի հույսերը չարդարացան: Նորմայի դերում փայլուն ելույթներ ունեցող Անահիտ Մխիթարյանը հրաժարվել է լինել բեմում: Խնդիրը, ըստ պարբերականի, կապված է «Նորմա» ներկայացման ռեժիսոր Բորիս Հայրապետյանի հետ: Բանն այն է, որ վերջինս տարիներ առաջ իր ֆիլմ-օպերայի համար առանց թույլտվության օգտագործել է երգչուհու ձայնը: Անահիտ Մխիթարյանը նույն լրատվամիջոցին հայտնել է, որ այդ ֆիլմի համար ինքն ընտրվել է որպես Նորմայի դերակատարուհի, սակայն հետո այդ դերում նկարահանվել եւ ձայնագրվել է սոպրանո Հասմիկ Պապյանը:

Ա.Մխիթարյանը լրատվամիջոցին մասնավորապես պատմել է, որ մի օր պատահաբար տեսել է ֆիլմը Հանրային հեռուստատեսությամբ. «Եվ ո՛վ զարմանք, իսկապես որ ֆիլմի որոշ մասերում հատվածաբար հնչում էր իմ ձայնը՝ Մեծ թատրոնի ներկայացումից վերցված: Այսինքն՝ Հ. Պապյանը ներկայանում էր իմ ձայնի ներքո: Սա արդեն վեր էր ամեն սպասածից: Չեմ առարկում, ռեժիսորը կարող է փոխել ֆիլմի դերասանուհուն, ընտրել իր կարծիքով առավել հարմար մեկին. դա նրա իրավունքն է, բայց առանց թույլտվության, ինքնագլուխ կերպով օգտագործել իմ ձայնը, վերագրել այն ֆիլմում խաղացող երգչուհուն՝ ուղղակի աններելի է»:

«Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է մտածում ֆիլմի երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, որ ներկայանում է Անահիտ Մխիթարյանի ձայնի ներքո: Արդյոք ձեռնտո՞ւ է նրան այս տարբերակը»,- գրել է պարբերականը: «Պատասխանն ինքնին ենթադրելի է. երեւի թե ձեռնտու է… »,- ասել է Ա. Մխիթարյանը: Լրատվամիջոցը փոխանցում է, որ Անահիտ Մխիթարյանը դատի է տալու «Նորմայի» ռեժիսորին:
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով «Ժողովուրդ»-ը դիմեց սոպրանո Հասմիկ Պապյանին: Նա մեր հարցմանն ի պատասխան` նշեց. «Անկեղծ ասած` այս էջը ինձ համար վաղուց շրջված է, եւ կարծում եմ` դեպքի վաղեմության ժամկետն էլ անցած է: Դա եղել է 2005 թվականին: Այո, այդպիսի դեպք պատահել է. ես ոչ միայն նկարահանվել եմ «Նորմա» ֆիլմում, այլ նաեւ կատարել եմ ձայնագրությունը: Ռեժիսորի մեծագույն սխալը կայացել է նրանում, որ նկարահանումներից հետո է արվել ձայնագրությունը: Իսկ քանի որ հետագայում անհնարին է եղել տեսագրության եւ ձայնագրության ներդաշնակ (սինխրոն) համադրությունը, ռեժիսորը իրեն անթույլատրելիորեն իրավունք է վերապահել կիրառել նկարահանման փորձերի ժամանակ օգտագործված Մարիա Բիեշուի եւ Անահիտ Մխիթարյանի կատարումներից հատվածներ: Ես, իհարկե, այս ամենին տեղյակ չեմ եղել, պատահաբար եմ հայտնաբերել` կենտրոնական հեռուստատեսությամբ ֆիլմի ցուցադրության ժամանակ: Անմիջապես դիմել եմ դատարան, հետաքննությունը տեւել է հոգեմաշ վեց ամիսներ, որի ընթացքում մասնագետները փաստել են իրողությունը: Մյունխենում տեղի ունեցած դատը ես շահել եմ, որի որոշման արդյունքում անհապաղ դադարեցվել է ֆիլմի տեսաերիզի վաճառքը (այնուամենայնիվ, 70 օրինակ արդեն հասցրել էին վաճառել):

Գերմանական լրատվության վեց պարբերականներ, ցավոք, անդրադարձել են այս տխուր իրողությանը, որքան էլ ես ցանկացա այն գաղտնի պահել` փորձելով հնարավորինս չշահարկել «Հայաստան», «հայ երգչուհի», «հայ բեմադրիչ» անունները Եվրոպայում: Քանի որ ես այլեւս ո’չ ցանկություն եւ ո’չ էլ բավարար ժամանակ ունեի հետեւելու ֆիլմի հետագա ճակատագրին, ուրեմն ինձ համար այս ցավալի պատմությունն ավարտված էր: Ես պետք է շարունակեի «Նորմայով» իմ գալիք հաղթարշավը համաշխարհային բեմերում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք շահավետ էր Հասմիկ Պապյանին հանդես գալ ուրիշի ձայնի ներքո, երգչուհին պատասխանեց. «28 տարբեր համաշխարհային բեմադրություններում Նորմայի դժվարագույն դերերգի կատարմամբ Վիեննայից մինչեւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Ամստերդամից, Մոնակոյից, Օրանժից մինչեւ Տուրին եւ այլուր հանդես եկած խոնարհ ծառայիս մինչեւ այսօր համեմատել են Մարիա Կալլասի, Մոնսերատ Կաբալիեի, Ռենատա Սկոտտոյի եւ այլ մեծությունների հետ եւ ոչ թե… Կարծում եմ` մեր սիրելի երկիրը այսօր շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու, քան ռուսաստանաբնակ ռեժիսորի այսօրինակ ցածր եւ անթույլատրելի արարքը: Եթե փնտրվում են ինտրիգներ, ապա դա կարելի է անել իմ անձից եւ անունից անկախ ու հեռու»:

Լուսանկարներում` Հասմիկ Պապյանը` Նորմայի դերում

Աննա Բաբաջանյան




Լրահոս