Լարված իրավիճակ պատգամավորի օգնականին դանակահարելու գործով դատական նիստին. մեղադրյալները հարձակվեցին ներկաների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Պատճառը դահլիճում տիրող անառողջ մթնոլորտ էր:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստը մեկնարկելուն պես առավել խիստ հսկողության տակ առնվեց ամբաստանյալներից Գարիկ Բաբախանյանը, ով, ըստ երևույթին, փորձում էր ինքնավնասում անել:

Այն բանից հետո, երբ նախագահողը ներկայացրեց դահլիճում ներկա կողմերին, իր տեղից անսպասելի վեր կացավ ամբաստանյալ Հակոբ Բոյաջյանը և փորձեց հարվածել կարգադրիչին:

Այնուհետև աղմուկ բարձրացավ, ամբաստանյալները հարվածեցին ուղեկցող ոստիկաններից մեկին, ապա՝ կարգադրիչին, անգամ փորձում էին հասնել դահլիճում ներկա քաղաքացիներին:

Այս ընթացքում դատավոր Պողոսյանը ամբաստանյալներին հրահանգեց կարգի հրավիրվել, ապա ստիպված եղավ հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով հունիսի 22-ին:

Ի դեպ, կարգադրիչի վերնաշապիկին արյան հետքեր երևացին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին: Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:

Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները:

Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց:




Լրահոս