ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ամեն մի քաղաքական ուժ հանրապետության 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում պետք է առաջադրի առնվազն 5 թեկնածու, որոնցից 2-ը պետք է լինեն կանայք:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ ԱԺ այն պատգամավորների հետ, որոնք չնայած առանձին կուսակցություն են ներկայացնում, բայց խորհրդարանում խմբակցություն չունեն: Ինչպես են նրանք լուծելու իրենց թեկնածուների խնդիրը:

«Լուսավոր Հայաստան» կուակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, ԸՕ քննարկումները ավարտվում են, եւ այլեւս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը յուրաքանչյուր ընտրատարածքում պետք է առնվազն 5 թեկնածու առաջադրեն, որոնցից 2-ը` կին: Ձեր կուսակցությունը կարո՞ղ է անհրաժեշտ թվով թեկնածուներ առաջադրել:
-Ես առաջարկել եմ, որ տարածքային ցուցակները հանեն, եւ լինի համամասնական ընտրություններ` մարզային քվոտաններով, որպեսզի մարզերից էլ մարդիկ լինեն: Այն փաստարկը, որ մարզերից կարող են չգալ, ու երեւանյան խորհրդարան կլինի, անհիմն է: Այդ առաջարկը մերժվել է, եւ միայն դրա ընդունվելու պարագայում ես կարող էի կողմ քվեարկել. ուրիշ ասելու բան չունեմ: Իմ կարծիքով այս օրենսգիրքը ռեգրես է, հետընթաց, որովհետեւ մեծամասնական 41 տեղերը դարձնում է ավելին:
Մենք ունենք այդ թվով ու դրանից ավելի մարդ: Խնդիրը մարդ ունենալու մեջ չի, խնդիրը տրամաբանության մեջ է: Մենք ասում ենք, որ դա մեծամասնականի տրամաբանությամբ է անցնելու: Եթե դա վատ բան է, ինչու եք դնում: Կին թեկնածուներ էլ ունենք, բոլոր տեղերի համար: Խնդիրը մրցակցությունն է, քանի որ հավասար մրցակցություն չի լինելու, եւ ադմիստրատիվ ռեսուրսը ծավալուն ձեւով կիրառվելու է ընտրակարգում:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Աժ պատգամավոր Էլինար Վարդանյան
-Տիկի՛ն Վարդանյան, նոր ձեւավորված «Համախմբում» կուսակցությունը պետք է ունենա 65 տարածքային թեկնածու, որոնցից 26-ը՝ կին, ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը ու հատկապես մարզերում:
-Կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին: Վստահաբար ասում եմ, որ մինչեւ ընտրություններն այդպիսի քանակով ներկայացուցիչներ ապահովելու հարցում որեւէ խնդիր չենք ունենալու: Բայց կարծում եմ, որ ընտրական օրենսգրքի ամենախոցելի հատվածը դա չէ: Ընտրական օրենսգրքում կան անհամեմատ շատ ավելի սկզբունքային հարցեր, որոնք այդպես էլ որեւէ անդրադարձ չստացան եւ սկզբունքորեն մնացին ոչ ընդունելի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, Դուք ի՞նչ կարծիք ունեք ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթի մասին, ըստ որի՝ ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է յուրաքանչյուր ընտրատարածքում առնվազն 5 թեկնածու ունենան, որոնցից 2-ը՝ կին: Արդյո՞ք բավարար քանակով թեկնածուներ կարող եք ապահովել:
-Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մենք դեմ ենք ներկայացված այս նախագծին տարբեր պատճառներով: Դրանք ոչ թե տեխնիկական, այլ խիստ բովանդակային հարցեր եմ համարում: Խոսքը չի վերաբերում միայն ընտրությունների վերահսկման մեխանիզմներին, որը այստեղ բացակայում է իմ խորին համոզմամբ: Թափանցիկ, անաչառ ու արդար ընտրություններ անցկացնելու համար ընտրական օրենսգիրքը բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է:
Մենք ստիպված ենք այս խաղի կանոններով առաջնորդվել, որքան էլ դեմ լինենք դրան: Բայց մենք այս պահի դրությամբ արդեն տեղերում մեր այդ խնդիրը լուծել ենք: Այսինքն՝ 13 ընտրատարածքներում մենք կանենք լրջագույն առաջադրումներ, եւ ճիշտ եմ համարում այս դեպքում կանանց մասնակցությունը: Ես գտնում եմ, որ կարելի է այդ շեմը բարձրացնել: Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նույն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության 40 տոկոսը կանայք են, եւ դա ոչ թե արել ենք արհեստական, այլ դա շատ բնական է: Միշտ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում՝ թող ոչ ոք չփորձի նսեմացնել կամ նշել, որ կանաց մասնակցությունը արհեստական է: Չեմ գտնում, որ մեր հասարակության մեջ կանայք ավելի պասիվ են, քան տղամարդիկ:

 

 

 

 

ԸՆԴԳԾՎԱԾ ԵՏՔԱՅԼ ՎԻԵՆՆԱՅԻՑ ԱՌԱՋ

Երեկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Բուռն քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության: Նախագծին դրական եզրակացություն տալու օգտին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, դեմ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, մյուսները չմասնակցեցին քվեարկությանը, եւ այն չընդունվեց: Սակայն քանի որ նախագծի հեղինակներն այն անհետաձգելի էին ճանաչել, հարցը լիագումար նիստում դրվեց քվեարկության: Արդյունքում` այդ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելուն 131 պատգամավորից միայն 12-ը կողմ քվեարկեց, ինչը մտահոգիչ դիտվեց, քանի որ այս հանգամանքը ադրբեջանական կողմի մոտ կարող է կարծիք ձեւավորել, թե ՀՀ ԱԺ-ն Արցախի ճանաչմանը կողմ չէ: Ինչեւէ:
Երեկ՝ քննարկման ժամանակ, տարաբնույթ կարծիքներ հնչեցին նախագծի վերաբերյալ: Մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը նշեց, որ կարելի էր այս հարցի քննարկումը մի փոքր հետաձգել, սպասել այսօր Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը եւ հետո փակ քննարկում անցկացնել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ ընդգծեց, որ պետք է նայել պահի նպատակահարմարությանը: Նրա խոսքով` ցանկացած քայլ պետք է չափել իր արդյունավետությամբ: «Ես չեմ կարծում, որ որեւէ ոլորտում չճանաչելը մեզ խանգարում է հարաբերություն ունենալ: Մենք հիմա էն պահի մեջ չենք, որ այս քայլն արվի»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Նկատենք, որ նախագծի համահեղինակներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի կողմից արված մեկնաբանությունները այնքան էլ դուր չէին գալիս ՀՀԿ խմբակցության անդամներին, եւ հակառակը, ինչն էլ թեժ մթնոլորտ էր ստեղծում: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Փոստանջյանին խորհուրդ տվեց այս հարցով մամուլի ուշադրությունը չհրավիրել իր վրա, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց` բավական է հորդորներ ուղղել: «Ես դպրոցում չեմ, Դուք ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ»: Զաքարյանն էլ խորհուրդ տվեց շոուներ չսարքել, ինչին Փոստանջյանն արձագանքեց. «Շոու բիզնեսի ներկայացուցիչն այստեղ Դուք եք»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան: Ղարիբյանի տանը սպանվել էր Աջափնյակի բնակիչ Գեւորգ Սարգսյանը, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով ներխուժել էր Ղարիբյանների բնակարան, տանեցիների հետ վեճի ժամանակ մահացու վնասվածքներ ստացել: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Ու մինչ ՀՔԾ-ում այս գործով նախաքննություն են իրականացնում, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեպքից հետո Ղարիբյանների ընտանիքն այլեւս չի բնակվում Բաշինջաղյան 65 հասցեում գտնվող իր առանձնատանը, ուր տեղի էր ունեցել վերը նշված միջադեպը: Տունը հանվել է վաճառքի:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՈՐԴԻՆ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանն անցյալ տարի 2 մլն 490 հազար դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն է ձեռք բերել: Անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 67 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական մոտ 570 հազար դրամ: Իսկ ձեռք բերված գույքը նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: Նրա կնոջ՝ Գայանե Դարբինյանի դրամական միջոցը կազմել է 40 մլն դրամ: Դատավորի տիկինը որպես եկամուտ հայտարարագրել է նաեւ վարձակալության դիմաց ստացած վճար՝ 14 մլն 470 հազար դրամի չափով եւ 2 մլն 100 հազար դրամ փոխառություն: Հիշեցնենք, որ Աղասի Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է, այսպես ասած, «ոսկե զավակը»:

 

 

ԾԵԾ ՉԵՆ ՆԿԱՏԵԼ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Արդյունքում Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանը կալանավորվել էր: Սակայն իրականում միջադեպի իրական հեղինակը եղել էր ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը նախ ծեծի էր ենթարկել իրեն հակաճառած երիտասարդին, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել: armlur.am-ը հրապարակել էր այս միջադեպի տեսագրությունը: ՀՔԾ-ն այն ուղարկել էր փորձաքննության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ այդ կառույցը օրեր առաջ ստացել է փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, թե իբր տեսանյութում չի երեւում, թե կոնկրետ ովքեր են կռվի մասնակիցները, եւ, առհասարակ, ով ում է հարվածում: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ն այսպիսով հող է նախապատրաստում քրեական գործը կարճելու համար:




Լրահոս