Երեկ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեկնարկած բանակցությունները ամեն տեսանկյունից աննախադեպ բնույթ էին կրում: Այն, որ քառօրյա պատերազմից հետո տեղի ունենալիք բանակցությունները, երբ էլ դրանք անցկացվեին, չէին կարող հերթականը լինել, ակնհայտ էր: Սակայն հայկական կողմի մոտեցումը բանակցություններին, դրանց կայացման հարցում միջնորդների ներդրած ջանքերը հաստատ աննախադեպ էին:
Նախ հայկական կողմի մոտեցման մասին: Նախագահական գրասենյակը երեկ այսպիսի հաղորդագրություն տարածեց. «Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ համանախագահները անցած հինգշաբթի հայտարարեցին, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այնուհետեւ մայիսի 13-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 16-ին գտնվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նախատեսվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Երեկ էլ առավոտյան հայտնի դարձավ, որ Վիեննայում հավաքվել են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների արտաքին գործերի ղեկավարները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննա էր ժամանել իր տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը եւս պակաս ներկայացուցչական չի եղել: Բացի այդ՝ Վիեննա են ժամանել նաեւ Ֆրանսիայի պետնախարար Արլեմ Դեզիրը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը եւս լրագրողների հետ զրույցում ուղղակի ասել էր, որ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին Վիեննայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Այս ամենով հանդերձ նախագահականը Սերժ Սարգսյանի այցելության նպատակը ընդամենը բնորոշել էր «նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ» ձեւակերպմամբ: Ակնհայտ է, որ հայկական կողմը բանակցությունների է մեկնել` չիմանալով, թե այնտեղ իրեն ինչ է սպասվում: Արդյունքում, նախագահականում նախընտրել են ընդամենը այցի փաստն արձանագրել, իսկ նպատակների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները թողնել հետոյին` ըստ իրադարձությունների զարգացման ընթացքի: Հայաստանը մեկ անգամ արդեն մասնակցել է աշխարհի հզորների անմիջական ներգրավմամբ բանակցությունների, որի արդյունքում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» խայտառակ արձանագրությունները: Այդ փաստաթղթերը այդպես էլ մնացին թղթի վրա եւ կյանքի չկոչվեցին, բայց այդ ողջ գործընթացը Հայաստանի հեղինակությանը բավական լուրջ վնաս հասցրեց` արտաքին աշխարհի աչքերում մեր երկիրը դարձնելով թույլիկ, որի «թշերից» քաշքշելով՝ կարելի է պարտադրել ցանկացած փաստաթուղթ ստորագրել:
Ինչեւէ, երեկ մինչ երեկո դեռ անհայտ էր Իլհամ Ալիեւն, ի վերջո, ժամանել էր Վիեննա, թե ոչ: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Երեւանի ժամանակով 21.30-ին պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ: Ենթադրվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարն այնուհետեւ հանդիպելու էր նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Այդ երկու հանդիպումների արդյունքում պետք է նոր միայն որոշվեր՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի կունենա, թե ոչ: Մինչ բոլորը սպասում էին Սարգսյան-Քերրի հանդիպմանը, հայտնի դարձավ, որ արդեն տեղի է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը Սարգսյանի եւ Ալիեւի հետ:
ԱՄՆ պետքարտուղարի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից մեկուկես ժամ անց` Երեւանի ժամանակով արդեն կեսգիշերին մոտ, մեկնարկեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որին մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները: Թե ինչ արդյունք է ունեցել այդ հանդիպումը, պարզ կդառնա այսօր: Սերժ Սարգսյանը երեկ ընդամենն ասել է, որ հանդիպումն անցել է նորմալ: Սպասվում էր, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ, սակայն թերթը արդեն պատրաստ էր տպագրության, բայց այն դեռ չէր տարածվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Կարենն ու Մհերը այդ օրը` ժամը 10:40-ի սահմաններում, իրենց համայնքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 տեղամասի մոտ փողոցում իրեն հարվածներ են հասցրել: Ավանեսյանը հաղորդումը ներկայացրել է իբրեւ Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդումը քննելուց հետո որոշել էր սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցել: Արդյունքում Մաթեւոս Ավանեսյանը տուժողից վերածվել էր մեղադրյալի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՔԾ-ն քրեական գործն ուղարկել է քննչական կոմիտե: Այսպիսով՝ իրավապահները փորձում են կատարվածը ներկայացնել իբրեւ սովորական սուտ մատնության դեպք, որպեսզի ստիպված չլինեն նաեւ պատասխանել այն հարցին, թե տեղի ունեցածն ինչպես է ազդել քվեարկության արդյունքների վրա, եւ ամենակարեւորը՝ ում դրդմամբ է ստել Մաթեւոսը:
ԵՐԲ ԿԷԺԱՆԱՆԱ
Այս ամսվա վերջին պարզ կդառնա սպառողի համար նախատեսված բնական գազի սակագինը որքանով կնվազի: «Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացավ, որ մայիսի վերջին գումարվելիք նիստերից մեկում կքննարկվի բնական գազի սակագինը նվազեցնելու հարցը: Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտը՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը նվազեցնելու վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ ցանկանում է 1 խմ գազի գինն էժանացնել 9.3 դրամով` ներկայիս 156 դրամից իջեցնելով 146,7 դրամի:
ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը նախօրեին «Առավոտի» հարցազրույցում պատմել էր, որ երբ վերջերս ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ, զինվորների հետ վեճի է բռնվել, հայհոյել նրանց: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինվորների մի խումբ ճանապարհը «նեղացրած» է եղել, եւ գեներալի շարասյունը ստիպված է եղել արագությունը նվազեցնել, որպեսզի անվնաս կարողանան ճանապարհն անցնել: Բադասյանի հարցազրույցն, իհարկե, դուր չի եկել իշխող ՀՀԿ-ին: «Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի համար»,- երեկ լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը Վահան Բադասյանից փորձեց պարզել, թե նա ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող սպառնալիքներին: «Ես շատ անտարբեր եմ նայում նման սպառնալիքներին: Եթե նրանք սպառնալիք են հնչեցնում իմ նկատմամբ, թող վերանայեն դրանք եւ հաշիվ տան իրենց խղճին: Հանրապետական շատ պատգամավորներ գիտեմ, ովքեր խիղճ, նամուս չունեն: Հիմա չգիտեմ ով է, բայց հաստատ խիղճ, նամուս չունեցողի մեկն է»,- ասաց Վահան Բադասյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՌԱՆՑ ՍԱՔՈՒԼԻԿՆԵՐԻ
Օրերս ԵՊՀ ուսխորհուրդը որոշում կայացրեց ԵՊՀ ՈւԽ արծաթե հուշամեդալով պարգեւատրել ԵՊՀ կամավորական ջոկատին՝ համալսարանական այն ուսանողներին, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին մեկնեցին առաջնագիծ՝ հայրենիքի սահմաններն ավելի ամուր պահելու եւ թշնամու դեմ մարտնչելու համար:
ԵՎՍ ՄԵԿ ՀԵՐՈՍ
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը երեկ հրաժեշտ է տվել իր հերոս զավակին՝ Արմեն Հրայրի Մարտիրոսյանին: Հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար այցելել են Հայոց բանակի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, Գավառի տարածքի համայնքների հազարավոր բնակիչներ: Զինվորականների կողմից Արմեն Մարտիրոսյանի ծնողներին է հանձնվել «Մարտական ծառայության համար» մեդալը, որը հետմահու Արմեն Մարտիրոսյանին շնորհվել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով: Նշենք, որ Արմենը ծնողների միակ արու ժառանգն էր:
ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐՈՎ
Մայիսի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015թ.-ի կատարողականը, որի համաձայն՝ պետական բյուջեից բնագավառին է ուղղվել 5 մլրդ 750 մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը: ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20 մլրդ 761 մլն 292 հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 92,6%- ը: ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաեւ մայիս 17-ին:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ Է
Կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է, որ իր էլեկտրոնային փոստի հասցեին շարունակաբար առաջարկություններ է ստանում Հովիկ Աբրահամյանի հայտարարած կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարելու ծրագրերով: