ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, կարևորելով ազատամարտիկների կողմից բարձրացվող սոցիալական խնդիրները, նախարարություն էր հրավիրել նրանց ներկայացուցիչներին: “Հանդիպման օրակարգը ձևավորել ենք ձեր առաջարկով: Նկատի ունենալով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի մասին տեղեկացվածության պակաս կա, նաև հաշվի առնելով ձեր կողմից բարձրացված խնդիրները, հանդիպման սկզբում նախարարության պատասխանատուները ձեզ համառոտ տեղեկատվություն կտրամադրեն ձեր իրավունքների, արդեն իսկ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին”,-նշեց նախարարը:
Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության, հաշմանդամների և տարեցների հիմնախնդիրների, աշխատանքի և զբաղվածության վարչությունների պետերը, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալը և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատարը ներկայացրեցին մատչելի տեղեկատվություն ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների իրավունքների, նրանց արտոնությունները սահմանող իրավական ակտերի, գործող ծրագրերի մասին:
Բանախոսները ներկայացրեցին նաև յուրաքանչյուր ոլորտի 2014թ. անելիքները, մասնավորապես՝ որոշակի առաջնահերթություններ են սահմանվելու ավանդների փոխհատուցման, զբաղվածության ակտիվ ծրագրերում ազատամարտիկներին ընգրկելու համար, ՀՀ ԱՍՀ նախարարի ուղեգրով, նախարարության միջոցով պետական պատվեր իրականացնող առողջապահական կազմակերպություններում
ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներն ավճար ստանալու են բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ, ավելանալու են արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների, կենսաթոշակների չափերը, հստակեցվելու է հաշմանդամ ազատամարտիկների անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման կարգը և այլն: Նախատեսված փոփոխություններն արդյունավետ իրականացնելու համար, ըստ պարոն Ասատրյանի, անհրաժեշտ է կատարել մարտական գործողությունների մասնակիցների ընդհանուր հաշվառում: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի միասնական հաշվառման համակարգի, ազատամարտիկների կարգավիճակը հստակեցնելու խնդիրներով:
“Տեսնում ենք, որ դուք էլ եք շահագրգռված, որպեսզի մեր խնդիրները լուծում ստանան: Սա ճիշտ է, մարդկային է: Ուղղակի խնդրում ենք ավելի հետևողական լինել”,- հանդիպման վերջում նշեց ազատամարտիկ Վ. Ավետիսյանը: Հանդիպումը շատ անմիջական էր, քննարկումները՝ անկեղծ և արդյունավետ: “Ուրախ եմ, որ մեր հանդիպումներն անցնում են կառուցողական և փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք իրոք ցանկանում ենք լուծումներ տալ ձեր կողմից բարձրացված խնդիրներին, և ինչպես ինքներդ նշեցիք, արդեն իսկ որոշակի հարցեր լուծել ենք: Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ես վստահ եմ, որ հասնելու ենք գոհացուցիչ արդյունքների: Պատրաստ եմ այսուհետ ևս քննարկել ձեզ հուզող բոլոր հարցերը”,-ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նշեց պարոն Ասատրյանը: