ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄՈՐ ՏԱՆ ԼՈՒՅՍԸ ՎԵՑ ՕՐ Է` ԱՆՋԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին դիմած բազմազավակ մայր Մարինե Սահակյանը պատմեց, որ արդեն 6 օր է, ինչ իրենց տան լույսն անջատված է: Նշենք, որ Մարինե Սահակյանը ապրում է ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում, ունի 9 երեխա, հարս եւ թոռնիկ: Ի դեպ, Մարինեի տղաներից մեկը արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում:

Ավշարեցի Մարինեն չի աշխատում. մի կերպ է հասցնում զբաղվել երեխաների խնամքով եւ դաստիարակությամբ: Ամուսինը արդեն 8 տարի է, ինչ մահացել է: Այժմ ընտանիքի ողջ հոգսը ընկած է Մարինեի ուսերին:
«Արդեն 5-րդ օրն է, ինչ լույս չունենք: Ես չեմ աշխատում, բազմազավակ մայր եմ, ունեմ 9 երեխաներ, թոռներ: Հիմա ընտանիքս բաղկացած է 11 հոգուց: Չգիտեմ, թե ում դիմեմ, որտե՞ղ, ո՞վ կլսի, ո՞վ կօգնի: Չեմ հասկանում: Ընտանիքիս ամենափոքրը դեռ 1 տարեկան չկա: Իսկ մի տղաս էլ արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում»,- ներկայացրեց տիկին Մարինեն:
Նշենք, որ ընտանիքը ամսական ստանում է 90 հազար դրամ թոշակ, իսկ նպաստը կազմում է 60 հազար դրամ: «Ունեմ չորս դպրոցական երեխա: Մշտապես խանութներին պարտք եմ. այդպես պարտք անելով եմ երեխաներիս պահում, իսկ ստացած թոշակով ու նպաստով անմիջապես մարում եմ խանութների պարտքը»,- պատմեց «Ժողովուրդ»-ին դիմած կինը: Նա նաեւ նշեց, որ 2004 թվականից ի վեր ունեցել են շուրջ 210 հազար դրամի պարտք՝ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց:
«Գյուղում մարդ կա, ով միլիոնների հին պարտք ունի: Բայց եկել են ու միայն մերն են անջատել: Տանից ոչ ոք չի աշխատում, թոշակառու եւ նպաստառու ընտանիք է իմ ընտանիքը: Երեխաները որպես ծնողազուրկ գումար են ստանում պետութունից: Իսկ ես ցամաք հացով եմ միայն պահում իմ երեխաներին: Ամսվա սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի գումարը պարտաճանաչ վճարել եմ: Թեեւ նախորդ ամսվա սպառած էլէներգիայի վարձը չեմ հասցրել դեռ վճարել: Կամ այդ պատճառով են անջատել էլեկտրաէներգիան կամ էլ հին պարտքի համար»,- ներկայացրեց Ավշարի բնակչուհին եւ հավելեց, որ նախորդ ամսվա սպառած էլեկտրաէներգիայի գումարը կազմել է 16 հազար դրամ:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցը՝ էլեկտրիկը, անակնկալ եկել է ու անջատել լույսը այն պահին, երբ ինքը տանը չի եղել, իսկ էլեկտրաէներգիան անջատելու մասին հարսին է զգուշացրել: «Ես կասկածում եմ, որ իմ լույսն անջատել են հին՝ 2004 թվականի դեբիտորական պարտքի պատճառով: Դեռ չգիտեմ, ոչ ոք բացատրոթյուն չի տվել»,- պատմեց բազմազավակ կինը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ՀՀ մի շարք մարզերի բնակիչներ նման խնդրի առաջ կանգնեցին. նախկին տարիներին սպառված էլէներգիայի չվճարված վարձավճարներն այսօր ներկայացվում են որպես պարտքեր: Եւ սա քաղաքացիների մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ՀԷՑ-ից ծանուցումներ են ստանում նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին: Այս պատճառով ՀՀ Արարատի մարզի Գինեվետ, Տափերական գյուղերի բնակիչները նույնիսկ բողոքի ակցիաներ են անցկացրել: Սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ը նույնպես ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեսուչները (էլեկտրիկները) իրենցից պահանջում են վճարել 2002 թվականից սկսած սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները:
Ըստ ՀԷՑ-ի՝ խոսքը դեբիտորական պարտքերի մասին է, որի մասին ընկերությունը մշտապես տեղեկացնում է իր բաժանորդներին: Ստացվում է, որ 2002 թվականի նոյեմբերից մինչեւ այժմ հանրապետության ամբողջ տարածքում բաժանորդները կուտակել ու դեռ չեն վճարել 3 մլրդ 200 մլն դրամ պարտք: Այս խնդիրը կարգավորելու նպատակով գյուղացիները պետք է նախ ներկայանան ՀԷՑ-ի բաժանմունք, ինչի արդյունքում յուրաքանչյուր պարտապանի համար կկազմվի մարումների անհատական ժամանակացույց: Իսկ, ահա, Ավշարի բնակչուհի Մարինեի դեպքում էլեկտրիկը չի զգուշացրել, թե կոնկրետ որ պարտքի համար է անջատել եւ չի տեղեկացրել իր բաժանորդին` նման դեպքերում ինչպես վարվել:
Այնուամենայնիվ, բազմազավակ կնոջ՝ Մարինեի խնդրով «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից խոստացան օգնել ընտանիքին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Ավշարի գյուղապետարան, որտեղից նունպես օգնության խոստում ստացանք: ՀԷՑ-ից «ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Մարինեի պարտքը կուտակվել է թերավճարումների արդյունքում: ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանը տեղեկացրեց նաեւ, որ ընկերությունը պատրաստ է օգնել ընտանիքին, քանի որ Մարինեն բազմազավակ մայր է, ունի անչափահաս երեխաներ: Ապա եւ ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանը եւ Ավշարի գյուղապետարանի քարտուղար Հակոբ Ղուկասյանը խոստացան, որ Մարինեի ընտանիքը ուշ երեկոյան կունենա էլեկտրաէներգիա: Սակայն ավելի ուշ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընտանիքը եւս մեկ օր կմնա առանց էլէներգիայի: Մարինեն եւ իր հարեւանները հայտնեցին, որ օրվա ընթացքում՝ «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգից հետո, ՀԷՑ տեսուչը մոտեցել է Մարինեի տան հաշվիչին եւ փորձել միացնել էլէներգիան, բայց գյուղապետարանից զանգահարել են եւ էլեկտրիկին կանչել: Սակայն Ավշարի գյուղապետարանի քարտուղար Հ. Ղուկասյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նման բան չի եղել, եւ գյուղապետարանը կհաշվարկի եւ կփորձի ընտանիքին օգնել՝ պարտքը մարելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ստամբուլի Մալտեպե թաղամասում նախօրեին նոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է տուժել: Հայտնի է, որ ռումբը գտնվել է փաթեթի մեջ, որը թողել են էստակադայի տակ: Դեռեւս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում վերջին շրջանում ահաբեկչությունների թիվը կտրուկ աճել է: Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին, երբ ականապատ մեքենայի պայթյունի արդյունքում 8 մարդ էր տուժել, որոնց թվում՝ 5 զինծառայող:

 

 

 

ՌԴ ԶԻՆՈՒԺԸ` ԼԱՏՎԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Լատվիան իր սահմանի մոտ ռուսական ռազմական նավեր ու ինքնաթիռներ է նկատել, ինչի մասին հայտարարել են երկրի ազգային զինված ուժերում: «Լատվիական բացառիկ տնտեսական գոտում ԱԶԾ ջրային տարածքից 4 ծովային մղոն հեռավորության վրա նկատվել է «Բոյկի» ռուսական զինված ուժերի «Ստերեգուշի» դասի ֆրեգատը»,-հայտնել է պաշտոնական Ռիգան: Ինչպես պնդում են Լատվիայի զինված ուժերում՝ նախօրեին Բալթիկ ծովի չեզոք ջրերում նկատվել է նաեւ Ռուսաստանի Դաշնության ԶԾՈւ Իլ-76 ինքնաթիռ, ինչպես նաեւ «Բիրա» դասի «Իրգիզ» նավ: Մինչ այդ էլ մայիսի 12-ին մոտ 8 ծովային մղոն հեռավորությամբ նկատվել է ռուսական «Ալպինիստ» դասի «Ժիգուլյովսկ ԳՍ-19» հետախուզական նավ: Ռուսական կողմից այս մասին առայժմ մեկնաբանություններ չկան:

 

 

ԱՄՈՒՍՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ Է ԽՈՍՏԱՑԵԼ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է մտադրությունը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում իր ամուսնուն՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, վստահել երկրի տնտեսության վերականգնման գործը: Այս մասին թեկնածուն հայտարարել է Քենտուքի նահանգի Ֆորտ-Միտչել քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպմանը: «Ես պատրաստվում եմ իմ ամուսնուն լիազորել զբաղվել էկոնոմիկայի վերականգնմամբ, քանի որ, ինչպես գիտեք, նա դա կարողանում է անել»,- նշել է Քլինթոնը: Նրա խոսքով՝ երկրի տնտեսական զարգացման դանդաղումը «հատկապես զգացվում է ածխի արդյունաբերությամբ զբաղվող շրջաններում, աղքատ բնակչությամբ քաղաքներում եւ լքված շրջաններում»: Հիշեցնենք, որ անցած ամիս ABC հեռուստաընկերության եթերում, պատասխանելով Բիլ Քլինթոնի պլանների մասին հարցին, Հիլարին պատասխանել էր. «Ես կարծում եմ… Ո՛չ, ես հուսով եմ, որ նա ակտիվորեն կզբաղվի տնտեսության իրական ակտիվացմամբ»:
Ամերիկյան տնտեսության վերականգնման անհրաժեշտության մասին պնդումների առնչությամբ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հակառակ կարծիքին է: Ապրիլի վերջին The New York Times թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ իր վարչակազմին հաջողվել է հաջողությամբ հաղթահարել 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամը:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած եւ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ. Պողոսյանին: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ: Նրան միացված է արհեստական շնչառության սարք: Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա:
Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները: Նշենք, որ մինչ Երեւան տեղափոխվելը` վիրավորում ստանալուց հետո զինծառայողը վիրահատվել էր Մարտակերտի հոսպիտալում, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

 

 

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՉՈՐՍ ՉՎԵՐԹ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
Այսուհետ հայկական ավիաշուկայում կգործի նոր ընկերություն. Qatar Airways-ն ավելացնում է Հայաստանն իր չվերթացանկին եւ նախատեսում է շաբաթվա ընթացքում 4 թռիչք իրականացնել Դոհա-Երեւան-Դոհա՝ Հայաստանը կապելով աշխարհի 150 քաղաքների հետ: Առաջին օդանավը վայրէջք է կատարել երեկ` վաղ առավոտյան: Qatar Airways-ը դեպի Երեւան չվերթները կիրականացնի A320 օդանավով՝ տրամադրելով երկու դասի սպասարկում՝ 12 նստատեղ բիզնես եւ 132 նստատեղ էկոնոմ կարգով: Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է չվերթների մանրամասները՝ նշելով, որ օդանավը հնարավորություն կընձեռի նաեւ մինչեւ 48 տոննա բեռնափոխադրումներ իրականացնել: Հայաստանից մեկնող ուղեւորները, որպես տարանցիկ օդակայան, կօգտվեն «Համադ» միջազգային օդանավակայանից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն նշել է, որ կարեւոր է համարում Հայաստանում բաց երկնքի քաղաքականության որդեգրումը: Ըստ նրա` դա Հայաստանին հնարավորություն է ընձեռում կապվել աշխարհի հետ. «Քաթարը կարեւոր է մեզ համար, քանի որ մեզ հնարավորություն է տալիս կապվել աշխարհի երկրների մեծամասնության հետ, եւ սա մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առջեւ»,- ընդգծել է նա: Խոսելով գնային քաղաքականության մասին՝ ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինն ասել է, որ իրենք մրցունակ են լինելու:




Լրահոս