«ԱՐՄԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹԸ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու-բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների` Արման Հովհաննիսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»): Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը: Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու` Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր արտիստին (Արման Հովհաննիսյանին) հարիր չէ այդ աստիճան ընկնել կոմերցիայի հետեւից` մոռանալով ազգայինի մասին: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում:

Նշենք, որ «Իմ բաժին սերը» Youtube-ում արդեն դիտվել է մոտ 1 միլիոն անգամ: Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապել է ֆեյսբուքյան գրառում անել իրենց գրանցած «հաջողության» մասին:
Երգահան Քրիստ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անընդունելի համարեց նման երգի կատարումը. «Արմանը լավ երգիչ է, լավ արտիստ է, ցավում եմ, որ ընկել է նրանց խելքին (նկատի ունի Լիլիթին եւ Վահրամին-Ա.Բ.): Թեեւ այնպես չէ, որ ինքն առաջին անգամ է մուտք գործում այդ դաշտ. Արմանի մոտ այդ ձգտումը միշտ էլ եղել է, բայց այս պարագայում նրանք բոլոր սահմաններն արդեն անցան: Կուզենայի գոնե Արմանն այդ աստիճան չիջներ»,-ասաց նա:
Բանաստեղծ, մի շարք հայտնի երգերի հեղինակ Լեւոն Բլբուլյանն էլ վստահաբար նշեց, որ «Իմ բաժին սերը» արաբա-թուրքական գործ է առաջին իսկ հնչյուններից:
«Առհասարակ, Լիլիթն էլ, Արմանն էլ, ըստ իս, լավ վոկալ տվյալներով երգիչներ են, բայց նրանց երկուսին էլ միշտ պակասել է ճաշակը: Երբ Արմանը գեղեցիկ երգ է կատարում, ընդունում ես, բայց երբ իջնում է զուտ տաշի-տուշիի, ռաբիսի մակարդակի, հիասթափվում ես: Եթե սա արաբա-թուրքական տեսահոլովակ լիներ, կարելի էր անգամ գովել, բայց սա հայկական մշակույթ չէ: Երգի խոսքերն էլ մի բան չեն. դա էլ առանձին թեմա է: Այսօր երգիչները դադարել են ուշադրություն դարձնել բառերին, դրանք մի կերպ հարմարեցնում են երաժշտությանը կամ չեն էլ հարմարեցնում»:
Լ. Բլբուլյանի խոսքով` դաշտը մաքրելու ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի արվում, փոխարենը հեռուստա եւ ռադիոընկերությունները շատ հեշտորեն հեռարձակում են վերոնշյալ դուետի նման գործեր. «Ի վերջո, մեզ հարկավոր է գեղխորհուրդ կոչվածը, որպեսզի եթեր հեռարձակվեն որակի որոշակի չափանիշներին համապատասխան երգեր»,-ընդգծեց նա:
Բանաստեղծը, անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն կարծիքին, թե ամոթ է, որ վաստակավոր արտիստն է նման երգեր կատարում, նկատեց. «Հիշենք ամիսներ առաջ վաստակավորի կոչման արժանացած Արմենչիկի օրինակը. եթե նրա երգերի կեսն անճաշակություն է, էլ ի՞նչ պահանջենք մյուս վաստակավորներից»:
Մենք թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Արման Հովհաննիսյանի ուսուցչից` Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանից: Վերջինս, սակայն, նշեց, որ դեռ չի հասցրել ունկնդրել երգը եւ մեզ իր կարծիքը կհայտնի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ռ. Մաթեւոսյանը շուրջ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արման Հովհաննիսյանի երգարվեստին, մասնավորապես հանրության կողմից քննադատվող գործերին, նշել էր. «Նա պրոֆեսիոնալ երգիչ է, իսկ թե ինչու է այդ երգերը երգում, դա էլ ուրիշ հարց է. որովհետեւ երկու երեխա ունի, պետք է պահի: Իսկ որտե՞ղ է այն նվագախումբը, որտեղ նա պետք է աշխատի ու ստանա կոպեկներ…»:
Մաեստրոն կարծիք էր հայտնել որ Արման Հովհաննիսյանին պետք է պարտադրել վերանայել իր երգացանկը. «Նա ընդունակ, հրաշալի երգիչ է, հիմար երգն էլ այնպես է երգում, որ կարող ես լսել: Գուցե ինչ-որ տեղեր խաղեր շատ է անում, բայց դրա պահանջարկը կա: Սա տխուր երեւույթ է, երբ պրոֆեսինալ երգիչը ստիպված է այդպիսի ծրագրի դիմել, որ կարողանա տուն պահել»,-ասել էր նա:
Մենք կապ հաստատեցինք նաեւ Արման Հովհաննիսյանի մենեջերի՝ Լուսինե Արշակյանի հետ, ով հրաժարվեց թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ քանի որ Արման Հովհաննիսյանը հիմա երկրում չէ, նա կարող է թեմային անդրադառնալ ավելի ուշ: Լիլիթ Հովհաննիսյանի պրոդյուսերն էլ` Վահրամ Պետրոսյանը, չպատասխանեց մեր զանգերին: Ավելի ուշ պարզեցինք, որ ամուսինները եւս հանրապետությունում չեն:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում երգահան Վահրամ Պետրոսյանը նման աղմկահարույց հայտարարություն էր արել. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, դա նշանակում ա, որ իմ էության մեջ կա ինչ-որ բան ադրբեջանական երաժշտությունից, եւ իմ բոլոր ընգերները, ես չունեմ տենց ընգեր, ով չի սիրում ադրբեջանական երաժշտություն, նշանակում ա՝ իմ ընգերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը…»։
Ասուլիսի ավարտին նա խոստովանել էր, որ ինքն արվեստում առաքելություն չունի. հայկական շոու-բիզնեսում ընդամենը փող է աշխատում:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՐԸ ԿՏՐԵ՞Լ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ 2013 թ. մայիսի 1-ից Երեւանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. այս ողջ ընթացքում մշակութային օջախը հիմնանորոգվում էր: Ծրագրվում է, որ մեծանուն նկարչի տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո վերաբացվելու է այս տարվա սեպտեմբերին: Արդեն սկսվել է ցուցադրության կազմակերպման գործընթացը:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հիմնանորոգումից հետո ցուցասրահներից մեկի պատի տարածքը, որի վրա տեղադրված է եղել Սարյանի «Հայաստան» պաննոն (1964), մի քանի սանտիմետրով նեղացել է, եւ նկարն իր նախկին տեղում այլեւս հնարավոր չի եղել կախել: Բայց քանի որ թանգարանի տնօրինությունը ցանկություն է ունեցել հենց այդ նույն պատին ցուցադրել կտավը, ներսում քննարկվել է կտավի եզրերից մի փոքր կտրելու հարցը:
Մենք կապ հաստատեցինք Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ, ով լսեց մեր տեղեկությունը, սակայն ոչ մինչեւ վերջ: Մինչ մենք անդրադարձանք պատի նեղացման վերաբերյալ տեղեկությանը, տիկին Սարյանը ընդհատեց մեզ. «Չէ, այդ ամենը ասեկոսեներ են, նկարն իր տեղում կախված է, կարող եք գալ եւ տեսնել Ձեր աչքով, եթե ուզում եք` համեցեք: Ցտեսություն»,-եզրափակեց նա:
Նախ` տարօրինակ էր, որ տիկին Սարյանը ակնհայտորեն խուսափեց լսել մեզ մինչեւ վերջ, երկրորդ` եթե, ինչպես տնօրենն է նշում, նկարն իր տեղում կախված է, դա դեռ չի վկայում այն մասին, որ այն չեն կտրել եւ աննկատ կերպով տեղավորել իր նախկին տեղում: Իսկ եթե նույնիսկ տնօրինությունն այդ քայլին որոշել է, այնուամենայնիվ, չգնալ, դա չի նշանակում, որ այն կտրելու հարցը չի քննարկվել:
«Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ կփորձի թեման պահել ուշադրության կենտրոնում:

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ՈՒՐԱԽ ՏՈՆ
Հայաստանում Լիտվայի դեսպանատունն առաջին անգամ Երեւան է բերում Փողոցային երաժշտության օրը: Բոլոր ցանկացողները մայիսի 21-ին կարող են ներկա գտնվել օրվա միջոցառումներին: Ժամը 16:00-ից ելույթներ կլինեն Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակի շրջակայքում, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառումը կեզրափակվի ժամը 20:00-ին` Ազնավուրի հրապարակում կայանալիք գալա համերգով:
Նշենք, որ Փողոցային երաժշտության օրը Լիտվայում բավական ուրախ է անցնում, այնտեղ երաժշտության երկրպագուները կարող են երգել սիրելի քաղաքի փողոցներում:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սեւ ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն: Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել: Գերաշչենկոն հայտարարել է նաեւ, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը» եւ չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Ուկրաինայում:

 

 

ԿԱՆՆԸ ԵՎ ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն քննադատել Է Կաննի ներկայիս կինոփառատոնը՝ դրա կազմակերպիչներին մեղադրելով պոռնկագրության հակվածության մեջ: Այս մասին նա հայտարարել Է Nice Matin թերթում հրապարակված հարցազրույցում: «Այսօր ամեն ինչ կառավարում է փողը, իսկ դա հեռու է կինոյից: Կանն արժանի չէ դրան: Ռոկո Սիֆրեդին (հայտնի պոռնոդերասան-ծանոթ. խմբ.) վեր է բարձրանում աստիճաններով, երկու ¬ երեք կիսամերկ աղջիկներ. եւ մենք արդեն ոչ մի այլ բանի մասին չենք խոսում, միայն նրանց էլ ցուցադրում են հեռուստացույցով: Դա զուտ պոռնկագրություն է»,¬ մեջբերում է Դեպարդիեի խոսքը Le Parisien¬ը: Դերասանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի այցելել Կաննի փառատոնի պրեմիերաներին, եւ նշել է, որ լավ ֆիլմեր նկարահանվում են, բայց դրանք գործնականում հանդիսականին չեն հասնում:
Հիշեցնենք, որ Կաննի 69¬րդ կինոստուգատեսը բացվել է մայիսի 11¬ին:




Լրահոս