Սերժ Սարգսյանը երեկ Վիեննայից Երեւան վերադարձի ճանապարհին` հենց ինքնաթիռում, իրեն ուղեկցող հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին հարցազրույց է տվել, որում ոչ միայն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, այլ նաեւ ուշագրավ հայտարարություններ է արել, որոնցից մի քանիսը, մեղմ ասած, լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում: Անդրադառնալով քառօրյա պատերազմի արդյունքում հողեր կորցնելու խնդրին՝ նա ասել է. «Նախ` եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա»: Սա նույնն է, եթե Սերժ Սարգսյանն ասեր, որ մենք մի 800 հազար հեկտար տարածք ունենք, որը նախատեսում ենք հարմար պահին տալ Ադրբեջանին, եւ որի մեկ հազարերորդ մասն արդեն նրանք գրավել են: Տարածքներ կորցնելու թեման շարունակելով՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին… ընտրության խնդիր էր` արդյո՞ք արժեր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու: Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան, վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան: Հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու. ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները»: Նախ՝ իրավական առումով անթույլատրելի է ասել՝ ովքեր ցանկանում են, թող գնան, վերցնեն: Եթե անգամ մարդիկ հավաքվեն եւ գնան ճակատ` կորցրած դիրքերը ետ բերելու, նրանց ոչ ոք թույլ չի տա դա անել, քանի որ մենք ունենք կանոնավոր բանակ եւ հրամկազմ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ձախողումը` թշնամուն հողեր գրավելու հնարավորություն տալը եւ արտաքին ուժերից վախեցած դրանք վերադարձնելուց հրաժարվելը, փորձում է ներկայացնել իբրեւ զինվորի կյանքով մտահոգվածություն: Նա մոռանում է, որ այդ տարածքների համար արդեն շուրջ յոթ հազար հայորդի է զոհվել: Հողը արյունով են պահում կամ նվաճում: Բայց ամենավտանգավորն այն է, որ եթե Սարգսյանն իր առաջ քաշած մոտեցմամբ առաջնորդվի, ապա նա Արցախը կտոր-կտոր կարող է հանձնել թշնամուն:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչեւ անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների եւ ուժային կառույցներից որեւէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են: Եթե նրան հաջողվի որեւէ տարածքի պատասխանատվություն ստանձնել եւ արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու կարծես թե այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է:
Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի Աժ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլեւս չի առաջադրվելու: Նրա փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը: Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ: ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է: Բացի այդ՝ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես, մի քանի օր առաջ նա Էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց ԲՈՒՀ-ի ուսման վարձը վճարել: Նկատեցի՞ք, իշխանությունների երեւակայությունը գումար բաժանելուց այն կողմ չի անցնում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը` չափերով, քաշով եւ տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է: Այն նետելու համար ձերբակալվեց Երեւանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի` խուլիգանության եւ 268-րդ հոդվածի առաջին մասի` թմրանյութ պահելու հատկանիշներով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործը կարճվել եւ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժարան` հարկադիր բուժման: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
ԳՅԱԴԻԶՄ
Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին միջադեպը, որի մասին օրերս բարձրաձայնեց Արցախի Մարտական խաչի ասպետ, հրամանատար Վահան Բադասյանը, ոչ միայն խիստ տհաճ է, այլեւ չափազանց վտանգավոր: Հիշեցնենք, որ ըստ Բադասյանի՝ գեներալ Մանվելը մայիսի 9-ին Հադրութում հայհոյել էր իր շարասյան ճանապարհը նեղացրած զինվորներին, իսկ նրա թիկնապահները ավտոմատներով սպառնացել էին դեպի դիրքերը գնացող տղաներին: Սա առիթ էր դարձել, որպեսզի վրդովված Արցախի հրամանատարը վերհիշեր նաեւ գեներալ Մանվելի` 90-ականների գործունեությունը եւ հայտարարեր, որ նա արցախյան պատերազմի տարիներին հիմնականում զբաղված է եղել թալանով եւ ավարառությամբ:
Ասել, որ գեներալ Մանվելի անվան շուրջ նման խոսակցությունները նորություն են, եւ այդ մասին չեն վկայում արցախյան պատերազմին մասնակցած ինչպես ղարաբաղցի, այնպես էլ հայաստանցի բազմաթիվ ազատամարտիկներ, երեւի թե կարող են միայն Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ական ենթակաները կամ կուսակցական ընկերները: Սակայն մի կողմ թողնելով այդ խոսակցությունների իսկությունը 22 տարի անց քննելու անշնորհակալ գործը` անդրադառնանք այն ոճին, որով Բադասյանի հայտարարությունից երկու օր անց, ի վերջո, որոշեցին հերքմամբ հանդես գալ գեներալի թիմակիցները` մրցավազքի մեջ մտնելով, թե ով ավելի թունդ կհայհոյի Բադասյանին: ԵԿՄ անվերջ փոխնախագահ Արա Կետիկյանն ուղղակիորեն վիրավորեց արցախցի գործչին, իսկ ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե գեներալ Մանվելի դեմ գործում է մի հանցախումբ, որի նպատակն է վարկաբեկել Գրիգորյանին: Ըստ երեւույթին, իր ղեկավարի վարքականոնից որոշ տարրեր փոխառած օգնականը նաեւ դիմեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակին` վերջինիս վրա հոխորտալով, թե` Արցախի վարչապետի մարդն ասում է` տեղյակ չեմ, բայց դատապարտում է: Դու` վարչապետի մամուլի քարտուղա՛ր, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա: Նկատենք, որ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ չէ միջադեպի մանրամասներից, սակայն ով էլ լինի, պետք է իրեն կոռեկտ պահի:
Ըստ ամենայնի, գեներալ Մանվելին եւ նրա թիմակիցներին թվում է, թե դեռ 90-ականներն են, կամ էլ նրանք Հադրութը շփոթել էին էջմիածնի հետ, որտեղ գեներալի շարասյան ընթացքը խոչընդոտելու համար բազմաթիվ նման միջադեպեր են եղել, ընդհուպ հոգեւորականի ծեծի ենթարկելը: Եվ հատուկ պատերազմի եւ հերոսության կնիքը դեմքին կրող ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակին «այ տղա»-ով դիմող գեներալի օգնականի համար նշենք, որ ամենեւին էլ կարիք չկա որեւէ «հանցախմբի» գործունեության` գեներալ Մանվելի կերպարը հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն` ով ով է եւ ինչ ճանապարհով է դարձել միլիոնատեր: