Սերժ Սարգսյանը նախօրեին Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում, հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ` նրանց ուշադրությունը հրավիրելով հարցազրուցում հնչած որոշ մտքերի վրա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե կարիք լինի ժողովրդին դիմելու, կդիմի: Ձեր կարծիքով՝ ապրիլյան սրացումներից ի վեր նման անհրաժեշտություն չկա՞ր:
-Ես չեմ կարծում, որ նախագահի խոսքի պակասը եղել է, այսինքն` եղել է այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտ լիներ, որպեսզի նախագահը կոչով դիմի հանրությանը որեւէ խնդրի շուրջ համախմբելու եւ չի դիմել: Այս առումով, եթե անհրաժեշտությունը լինի, կարծում եմ, որ իսկապես նախագահ Սարգսյանը կդիմի:
-Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են` միաժամանակ հայտարարելով, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 8 հեկտարը: Որքան էլ ասվի, որ դա մեկ հազարերորդն է, այդուհանդերձ, ադրբեջանցիները կարող են ասել, որ ինչ-որ արդյունքի հասել են:
-Երբ դու թեկուզ 10, 20 սմ հետ ես գալիս դա կարող է հոգեբանական առավելություն տալ ադրբեջանիցիներին, իրենց վիրավորվածի, պարտվածի հոգեբանությունը որոշակի առումով վերականգնել: Բայց դա կարող է օգտագործվել բացառապես Ադրբեջանում` իրենց ներքին քաղաքականության մեջ, Ալիեւի նավթադոլարների մաքրման գործընթացը արդարացնելու առումով: Տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են նպատակահարմարությունից ելնելով: Իսկ եթե բերենք եւ մատուցենք, տեսեք՝ պատերազմի արդյունքում ձեռք ենք բերել 8 հարյուր հեկտար, դա այլ կոնտեկստի մեջ, այլ քննարկում է, այլ խնդիր է: Այժմ մենք շատ ավելի շահեկան դիրքերում ենք, եւ պետք է այս իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը, պատմական շանսը ճիշտ օգտագործել:
-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը Երեւանում սրճարաններում նստած մարդկանց խորհուրդ տվեց գնալ եւ վերցնել մեր կորցրած դիրքերը: Որքանո՞վ է պատասխանատու նման հորդորը: Ինչպե՞ս կարող են կամավորներն առանց հրահանգի հարձակում սկսել:
-Այնտեղ պատերազմ, ռազմաճակատ է: Այնտեղ կան լուրջ խնդիրներ, բնականաբար գնալու համար պետք է որոշակի գործընթացներով անցնել` առնվազն զենքին տիրապետել, տեղանքին, կռվել եւ այլն: Նախագահի խոսքն ավելի հեռուն եւ խորն էր: Երբ մարդիկ որեւիցե մի անգամ Արցախում չեն եղել, այդ կռվի վտանգը չգիտեն, չեն ծառայել, կարող են բարձրագոչ հայտարարություններ անել: Այդ է պատճառը, որ ասում է՝ գնացե՛ք, տեսե՛ք, նոր խոսե՛ք: Խոսքերով հող հետ չեն բերում: Հողը պահելը, հետ բերելը, ամրացնելը զոհեր է պահանջում բոլոր առումներով:
-Սերժ Սարգսյանի ելույթից ի՞նչ տպավորություն ունեք, հարցի լուծումը մո՞տ է, թե՞ ոչ:
-Կարծես թե այն, ինչ որ ուզում էինք այս փուլում, մենք ստացանք: Մենք առաջ քաշեցինք այն երեք պայմանները, որոնց դեպքում կարող ենք նստել եւ խոսել: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր պատկերացումներից, շահերից ելնելով` գնանք նրան, ինչին ձգտում ենք:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը նախօրեին լրագրողներին ասաց, որ եթե կարիք լինի ժողովրդին դիմելու, կդիմի: Ըստ Ձեզ՝ հատկապես այս օրերին նման անհրաժեշտություն չկա՞ր:
-Որոշել կամ ենթադրել, թե երբ է պետք դիմել ժողովրդին ,դա մեր գործը չի: Եթե ինչ-որ բան կա ժողովրդին դիմելու համար, ուրեմն ինքը կորոշի, կասի: Ես չեմ կարծում, որ մենք բավարար չափով տիրապետում ենք տեղեկություններին, որ ասենք՝ ժողովրդին դիմելու պահը եկել է, թե ոչ:
-Ս. Սարգսյանը նշել է, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 8 հազար հեկտարը: Ինչպե՞ս եք գնահատում նման համեմատականը, ի վերջո, արդյո՞ք այդ 800 հեկտարի կորուստը եւս մեզ համար անթույլատրելի չպետք է լիներ: Դրա արդյունքում այսօր Ադրբեջանում տարփողում են իրենց հաղթանակի մասին:
-Կարծում եմ, որ պարտության, հաղթանակի մասին այդ բոլոր խոսակցությունները այս պահին բացարձակ անիմաստ են: Կա ռազմական վտանգ ի դեմս Ադրբեջանի, նրանք ռազմական գործողությունների են դիմել, ստացել են պատասխան: Վտանգը սպառված չի, կախված է: Եւ մեզ համար ամենակարեւորը պետք է լինի այն, թե այս գործընթացի հետեւանքով մենք այդ վտանգը վերացնելու ենք, թե ոչ:
-Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ինչ տպավորություն ունեք:
-Ընդհանուր առմամբ կարելի է հասկանալ որ միջազգային հանրությունը եւս անհանգստացած է, որ ԼՂՀ հակամարտությունը կարող է էսկալացվել եւ դառնալ միջազգային հանրության համար այնքան մեծ գլխացավանք, ինչքան Լիբիայի, Սիրիայի կոնֆլիկտն է կամ ԻՊ տերոռիզմը, ուստի նրանք վճռական գործողություններ են փորձում կատարել հակամարտության էսկալացիայի կանխման եւ կարգավորման ուղղությամբ: Այդ ջանքերը կարելի է ողջունել, առավել եւս երբ հայտարարվել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 1994 թվականի կնքված զինադադարի ուղղությամբ, մշտադիտարկման, ԵԱՀԿ-ի առաքելության ընդլայնման մասին: Բոլորը դրական զարգացումներ են, եթե իրագործվեն:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒԼԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Վիեննայում կայացած հանդիպման մասին քննարկումները Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում են: Դժգոհություն կա, որ Սերժ Սարգսյանը կոշտ դիրքորոշում չի արտահայտել, հարմարվողական կեցվածք է որդեգրել, բայց տեսակետներ էլ հնչեցին, որ կառուցողական վարքագիծն ու խոսքն ավելի ազդեցիկ է:
Քառօրյա պատերազմից հետո կայացած առաջին հանդիպման մասին ի՞նչ է մտածում ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Մարդ, որ իր ելույթում խոսելով փոխզիջումների մասին՝ աղմկոտ հայտարարություններ էր արել:
-Հանդիպման ձեւաչափը, կազմը եւ օրակարգը եւս մեկ անգամ փաստում են, թե ինչպիսի լուրջ սպառնալիք էր հակամարտության գոտում ստեղծել Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը, – ասաց տիկին Նաղդալյանը՝ հավելելով, – հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վկայում են այն մասին, որ այն հիմնականում անցել է հայկական կողմի մտահոգությունների հիման վրա կազմված օրակարգով: Արդբեջանի փորձերը ուժը կորցրած ճանաչել 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերը ի չիք դարձան, ավելին՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը ուզի, թե չուզի, պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Չափազանց կարեւոր էին նաեւ օրակարգի մյուս կետերը, այն է` շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի հնարավորությունների ընդլայնում։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը այսուհետ երկար պետք է ծանրութեթեւ անի նման ագրեսիայի դիմելուց առաջ:
-Ադրբեջանի վարած ռազմաքաղաքական վարքագծում ի՞նչ փոփոխություն կառաջացնի կայացած հանդիպումը:
-Ադրբեջանի պլանավորած ծրագիրը սկզբից մինչ այս պահը վստահաբար կարելի է համարել տապալված: Ձախողվեցին նրա ծրագրերը ռազմի դաշտում, միջազգային ատյաններում, միջազգային հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու հարցում, բանակցությունները խափանելու հարցում: Այնուամենայնիվ, մենք երբեք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, միշտ պետք է հիշենք, որ գտնվում ենք դե ֆակտո պատերազմի մեջ: Դրա ակնհայտ վկայությունն են լարվածությունը սահմանագծին, գրեթե ամեն օր դիվերսիոն գործողությունները եւ զոհերը: Մենք պետք է միշտ հիշենք նաեւ, որ բանակցությունների սեղանի շուրջ մեր Նախագահը շատ ավելի ուժեղ է, երբ թիկունքին զգում է մեր ժողովրդի աջակցությունը, մեր ժողովրդի համախմբվածությունը:
Զրուցեց ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Ի ՎԵՐՋՈ ԿԴՅՈՒՐԱՑՎԻ
Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ստորագրվեց երկու երկրների պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը: Ըստ այդմ, երբ կամուրջը կսկսի շահագործվել, կպարզեցվեն աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների եւ այլ գույքի համար պետական սահմանի հատման ընթացակարգերը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա մարտի 23-ին հանձնարարել է մշակել կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտք ու ելք կատարելու պարզեցված ընթացակարգը, որպեսզի այն հետագայում գործադիրի որոշմամբ հաստատվի: Համապատասխան նախագիծը մշակվել է, եւ այն ներառված է ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում: Ենթադրվում է, որ այս որոշման ընդունվելուց հետո կամրջի շինարարական աշխատանքները կմեկնարկեն:
ԹՈՇԱԿՈՎ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի կողմից տրված փոխառությունները` պարտքով տրված գումարները, անցած տարվա վերջին կազմել են 250 հազար դրամ: Նրա դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 10 մլն դրամ: Վերահսկիչ պալատի անդամը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 455 հազար դրամ եւ տրված փոխառություններից ստացված տոկոսավճարը՝ 54 հազար դրամ: Նրա կինը՝ Կարինե Մազմանյանը, ամսական ստանալով 199 հազար դրամ թոշակ՝ անցած տարի գնել է 108 հազար դոլար արժողությամբ բնակարան: Բացի այդ՝ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 1.6 մլն դրամ: Իսկ տարեսկզբին նշված գումարից բացի՝ նա ունեցել է նաեւ 100 հազար դոլար, որը ստացվում է, որ ծախսել է բնակարան գնելու նպատակով:
ԷԼ ՄԱՐԴ ՉՈՒՆԻ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այս տարվա մարտի 2-ին իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց իր ղեկավարած գերատեսչության պատասխանատու բոլոր պաշտոններում սեփական կադրերին նշանակել: Սակայն, ինչպես երեւում է, նրա կադրային բազան սպառվել է, քանի որ բավական երկար ժամանակ է՝ թափուր են ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության, ներքին անվտանգության եւ ֆինանսահաշվային վարչությունների պետերի պաշտոնները: Ի դեպ, պետական եկամուտների կոմիտեի համակարգում, կամ նույն է, թե հարկային եւ մաքսային ծառայություններում նման մասշտաբային կադրային փոփոխություններ նախկինում տեղի է ունեցել մեկ էլ 2000-ականների սկզբին, երբ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը լիարժեք դարձնելուց հետո այդ կառույցի գրեթե ողջ ղեկավար կազմին փոխեց: