Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը խնդրել է քննության առնել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:
Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսեւորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր “Էշ ա, արա՚”, “ի՞նչ ես գոռում, ա՚յ ոչխար” արտահայտություններով:
“Հանրային ծառայության մասին” օրենքը սահմանում է հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում`
. “հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին,
. իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը,
. ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ,
. հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս”:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ Գ.Հակոբյանի՝ քամահրական եւ անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է եւ նրա  կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաեւ հարգանքի եւ վստահության ձեւավորումը նրա ներկայացրած մարմնի` ԱԱԾ-ի նկատմամբ:




Լրահոս