ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու տնտեսաքաղաքական հետեւանքներին  եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Մասնավորապես, անդրադառնալով այն  հարցին, թե ինչու Հայաստանը չորս տարի շարունակ ԵՄ-ի հետ վարած բանակցություններից հետո անսպասելի կերպով որոշեց միանալ Մաքսային միությանը, Բաղդասարյանն ասել է. «Խորը եւ համապարփակ առեւտրի բանակցություններն ընթացել են, կարելի է ասել՝ 99 տոկոսով աշխատանքները մոտեցել են ավարտին, եւ մեզ համար հասկանալի է դարձել, թե ինչ է տալու ազատ առեւտրի պայմանագիրը Հայաստանին»: Ըստ Բաղդասարյանի՝ մեկ տարի շարունակ էլ աշխատանքներ են տարվել Եվրասիական հանձնաժողովի հետ. «Եվ երբ ուսումնասիրությունները երկու ուղղությամբ էլ ավարտվել են, հայկական կողմը հասկացել է, որ Հայաստանի շահերը բխում են Մաքսային միությունից: Պաշտոնական Երեւանը նաեւ հասկացել է, թե ինչ լուրջ վտանգներով է հղի Մաքսային միություն չմտնելու որոշումը»: Փաստորեն, ըստ Բաղդասարյանի, ստացվում է՝ ՀՀ իշխանություններին ամբողջ չորս տարի էր պետք  ուսումնասիրելու եւ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրումը: Դեռ լավ է՝ նրանք հասցրին «գլխի ընկնել», որ ԵՄ-ն «քըխ» է՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց երկու ամիս առաջ: Իսկ այ Մաքսային միության հարցում մեր չինովնիկների ուղեղն ավելի արագ է աշխատել՝ հավանաբար ռուսներն ավելի լավ են «բացատրել»: Ուշագրավ է, որ, նշելով զուգահեռաբար ընթացող  բանակցությունների փաստը թե՛ եվրոպական, թե՛ ռուսական ուղղությամբ, Բաղդասարյանն ասել է. «Այլ խնդիր է, որ մի գործընթացի մասին (ԵՄ-ի հետ) պարբերաբար տեղեկատվություն է եղել՝ նիստեր են եղել եւ այլն, մյուսի մասին` շատ ավելի քիչ»: Հարց է առաջանում՝ ինչու: Ո՞րն է պատճառը, որ Մաքսային միության անդամակցության հետ կապված տեղեկատվության հարցում ՀՀ իշխանություններն այդքան «ժուժկալ» են գտնվել, էլ չասենք՝ որ պարբերաբար արել են այնպիսի հայտարարություններ, որոնք պարզապես բացառում էին  այդ ուղղությամբ կատարվելիք ընտրության հնարավորությունը: Հենց միայն ՀՀ վարչապետի հայտարարությունները բավարար են: Այս կապակցությամբ, սակայն, Բաղդասարյանն ասել է. «Հիմա վարչապետը ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի այլ կարծիք: Բայց  վարչապետը չէ որոշում կայացնողը, չէ՞»: Ինքնին հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի նման գործչի համար միանգամայն նորմալ ու բնական վիճակ է ժամանակ առ ժամանակ կարծիքն ու կողմնորոշումները փոխելը, սակայն վտանգավոր է այն, որ նման մտածողություն ունեցող գործիչներն են այսօր փորձում իրենց իրավունք վերապահել վճռելու Հայաստանի ապագան՝ ժողովրդին արհամարհելու կապակցությամբ արտահայտված դժգոհությանն ի պատասխան նետելով. «Այդ մասին ով անհրաժեշտ է, տեղեկացված է»:




Լրահոս