Սեպտեմբերի 2-ին ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը ծախսվել է ոչ նպատակային, ուստի ՀՀ-ին նոր դրամական միջոցների տրամադրման մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչդեռ ընդամենը մեկ օր անց՝ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո, ՌԴ-ն պատրաստակամություն հայտնեց տարբեր ծրագրերով ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Թորոսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ՌԴ պետական խորհրդականի հայտարարությունն առ այն, որ ՀՀ իշխանություններն անարդյունավետ են օգտագործել ռուսական 500 մլն դոլարի վարկը:
-Ուրեմն ցանկացած վարկավորում, գումարի տրամադրում՝ լինի ՌԴ-ն, թե եվրոկառույցները, համաշխարհային բանկ եւ այլն, դրա տակ քաղաքականություն կա թաքնված: Կոպիտ ասած՝ ոչ ոք առանց որեւէ բանի ոչինչ չի տալիս: Երբ որ Հայաստանն առաջարկում էր ՌԴ-ից վարկ ստանալ, բնականաբար ՌԴ-ն մտադիր չէր այդ վարկավորումն իրականացնել, պետք էր ինչ-որ պատճառ կամ հիմնավորում գտնել, ու Պուտինի խորհրդականի այդ հայտարարությունը ըստ էության ձեւավորվում էր հենց այդ քաղաքականության մեջ: Այսինքն՝ ընտրվել էր մերժելու այդ տարբերակը, ի՞նչ պետք է ասեին, տվյալ պարագայում ասացին անարդյունավետ օգտագործում: Հիմա քաղաքական վիճակը մի փոքր այլ հարթության վրա է, նախագահն էլ հայտարարել է, որ ստորագրելու է Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը, հետեւաբար ՌԴ-ն արդեն շահագրգռված է վարկ տրամադրել:
-Ստացվում է, որ ՌԴ-ն իր բոլոր քայլերում առաջնորդվում է բացառապես սեփական նեղ շահերից ելնելով՝ այդ ընթացքում չվարանելով ցեխ շպրտել ռազմավարական դաշնակից երկրի կառավարության վրա: Ընդ որում, դատելով մեկ օրվա մեջ արված փոփոխությունից՝ ռուսներն այդ հարցում որեւէ կոմպլեքս չունեն: Այդքանից հետո որքանո՞վ է հեռանկարային մեր երկրի ապագան էլ ավելի անքակտելի կապերով կապել նման անհուսալի գործընկերոջ հետ:
-Քաղաքականությունն իր ամբողջ էությամբ շահերի հիման վրա ստեղծված մի բան է, ու ես էլ արդեն ասացի, որ որեւէ մեկն առանց ակնկալիքի մի բան չի տրամադրում: Դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում: Այսպես ասեմ, նախագահի որոշումը բխում է մեր ազգային անվտանգության հայեցակարգից: Բնականաբար, եթե կայացվում է որեւէ որոշում, դրա ճիշտ ու սխալ կողմերն ես կշռում: Իսկ եթե կշեռքի վրա դրականը գերակշռում է, ապա դու ընտրում ես այն, ինչն ավելի դրական է: Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ նախագահի այս որոշումը նպաստավոր է Հայաստանի համար: Դա նույնիսկ մեր ընդդիմախոսներին է հասկանալի: Նույնիսկ ընդդիմախոսներն այս պարագայում ասում են՝ այո, թող ազգային անվտանգության ոլորտում համագործակցությունը լիներ ՌԴ-ի հետ, իսկ տնտեսական ոլորտում՝ Եվրամիության հետ:
-Ինչը, սակայն, տեղի չունեցավ, Ռուսաստանը դա ուղղակի չհանդուրժեց…
-Պետք է ըմբռնումով մոտենալ նման իրողություններին, որովհետեւ ամբողջ համաշխարհային քաղաքականության պատմությունն է այդպիսին: Պետություններ են կործանվում նման պարագաներում. Իրաքը կործանեցին քիմիական զենք փնտրելու պատրվակով, չգտան, բայց երկիրը կործանվեց: Սա հստակ քաղաքականություն է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ոչ անհայտ Մոդեստ Կոլերովը հայտարարեց, թե ՌԴ-ն չի պատրաստվում ՀՀ-ին փող տալ, քանի որ մինչ այդ ռուսական 500 մլն դոլարի վարկը ՀՀ իշխանությունները նպատակային չեն ծախսել, պարզ ասած՝ մսխել են: Սակայն արդեն իսկ Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո ռուսները կրկին հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ ՀՀ-ին տարբեր ծրագրերով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու շուրջ: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:
-Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նման հայտարարություն է արվում, որպեսզի գայթակղեն իշխանություններին: Եվ ընդհանրապես, այդ 500 միլիոնն առաջին վարկը չէ, որ ՀՀ-ում ծախսվում է ոչ նպատակային: Կարծեմ այս 4 միլիարդի պարտքը որ ունենք, նույն կերպ է, եւ դա է պատճառը, որ մեր տնտեսության մեջ որեւէ աճ չկա:
-Ստացվում է, որ Մաքսային միությանն անդամակցելու համար ՌԴ-ն բանեցրել է ոչ միայն ՀՀ անվտանգության հետ կապված, այլեւ ֆինանսական ճնշումներ:
-Միանշանակ ճիշտ է այն վարկածը, որ Ս. Սարգսյանի այդ որոշումը ճնշումների ազդեցության տակ է եղել: Մեր իշխանություններն ամեն դեպքում տեսնում են, որ ձեռնտուն Մաքսային միությունն է, որովհետեւ ավտորիտար կառավարման համակարգը կպահպանվի, եւ օլիգարխիկ այս վիճակները կշարունակեն գործել: Բայց անգամ այդ դեպքում նորից խնդրի առջեւ ենք կանգնելու:
ԵՐԵԿ ՎԱՏՆ ԷԻՆՔ, ԱՅՍՕՐ՝ ԼԱՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ