Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները որքան սպասելի էին, նույնքան էլ` անակնկալ: Սպասելի էին, քանի որ խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Ս. Սարգսյանից դժվար էր հավատալ, որ նա կանի քայլեր, որոնք ՌԴ-ի սրտով չեն: Իսկ անակնկալ էին այն առումով, որ 2008թ. սկսած՝ Ս. Սարգսյանը հայտարարել է եվրաինտեգրացիայի մասին: Դատե՛ք ինքներդ:
19.06.2008թ. Ս. Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբին: Այդ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանն ասել է. «Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս, եւ եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական գերակայություններից է»:
26.05.2010թ. Ս. Սարգսյանն այցելել է Բելգիայի Թագավորություն: Այնտեղ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախագահականի կայքի, նա ասել է, թե Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: «Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ եւ ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում»,-ասել է Ս. Սարգսյանը:
27.05.2010թ. ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռամպոյի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախագահականի պաշտոնական կայքի, Ս. Սարգսյանն ասել է. «Հայաստանն իր դավանած արժեհամակարգով եւ մղումներով Եվրոպայի անբաժան մասն է կազմում… Ողջունում եմ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու ԵՄ նախաձեռնությունը: Մեր երկիրը պատրաստ է ակտիվորեն աշխատել նոր փաստաթղթի նախագծի շուրջ»:
27.05.2010թ. Ս. Սարգսյանը հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: Այստեղ եւս նա հայտարարել է, թե եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից է: Ի դեպ, այս միտքը նա կրկնել է Ք. Էշթոնի հետ բոլոր հանդիպումների ընթացքում:
04.07.2012թ. Երեւանում ԵԽ նախագահ Հերման վան Ռամպոյի հետ հանդիպումից հետո Ս. Սարգսյանը հայտարարել է. «Հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները»:
30.11.2012թ. Երեւանում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում Ս. Սարգսյանը հայտարարել է. «Այսօր մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերը եւ նախանշեցինք մեր անելիքները մինչեւ Վիլնյուսի 2013 թվականի Արեւելյան գործընկերության գագաթնաժողով: Մենք ընդունեցինք Երեւանյան հռչակագիրը, որում արտացոլված է մեր ընդհանուր տեսլականը Արեւելյան գործընկերության ապագայի, տարածաշրջանային հիմնահարցերի, ինչպես նաեւ ԵԺԿ դերակատարության շուրջ… Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը նոր թափ հաղորդեց Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությանը»:
25.06.2013թ. Ս. Սարգսյանն այցելել է Լեհաստան, որտեղ այդ երկրի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք եւ մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կա՛մ… կա՛մ», այլ «ե՛ւ… ե՛ւ» սկզբունքի վրա»:
18.03.2013թ. Սերժ Սարգսյանը Երեւանում հանդիպել է մի խումբ լրագրողների եւ այդ ասուլիսի ժամանակ ասել. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի՛ հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւնույն է, մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետեւ ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին… Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում մյուսին ասում՝ ո՛չ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»:
03.09.2013թ. Ս. Սարգսյանն այցելել է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում ասել է. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում: Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ»:
ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՇԱՏ ԿԱՐՃ ԿՅԱՆՔ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ