Հայաստանի եվրաինտեգրացիայի թեման կարելի է համարել գրեթե փակված. եվրոպացի պաշտոնյաները ՀՀ առաջ աղմուկով փակում են դեպի ԵՄ տանող դուռը:
Երեկ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է. «Եվրամիությունը հնարավոր չի տեսնում Հայաստանի հետ նախաստորագրել ո՛չ Ասոցացման եւ ո՛չ էլ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը»: Ուշագրավն այն է, որ Փ. Սթանոն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մնում է ՀՀ օրակարգում: Այնինչ այսպես եվրոպացի պաշտոնյաները ՀՀ իշխանություններին հասկացնում են, որ այսքանից հետո իրենց այլեւս չի հետաքրքրում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, եւ որ մոսկովյան հայտարարություններից հետո մնացած բոլոր խոսակցությունները հիշեցնում են հետողորմյա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների, տվյալ դեպքում Շ. Ֆյուլեի հայտարարություններին: «Ֆյուլեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք պատրաստ են անգամ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցել, որ դա կարող է լինել օրակարգում, եթե չհակասի Մաքսային միությանն անդամակցելու պայմանագրերին»,-նշեց Սահակյանն ու հավելեց, որ ՀՀ իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ ԵՄ համաձայնագրի նախաստորագրումը:
Մինչդեռ նկատենք, երեկ Շ. Ֆյուլեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ինքն էլ իր հերթին է բավական կտրուկ արտահայտվել տեղի ունեցած գործընթացների մասին՝ հասկացնելով, որ հազիվ թե թույլ տան ՀՀ-ին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը. «Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի կողմից հայտարարված ընտրության լույսի տակ դժվար է երեւակայել, թե Վիլնյուսի նոյեմբերյան գագաթնաժողովին կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, ինչպես այն նախընթաց բանակցություններով նախատեսվել էր»:
Ի դեպ, քանի որ ԵՄ-ն սկսել է Հայաստանից երես դարձնել, չի բացառվում, որ առաջիկայում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը որոշի հեռացնել իր դիտորդ անդամներ ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Առավել եւս, երբ ԵԺԿ-ին անդամակցությունը բավական բարդ գործընթաց է, եւ իշխանական կուսակցությունները դրա կազմում հայտնվեցին հենց եվրաինտեգրացիայի գործընթացի շրջանակներում: «Դա ընդամենը պահի ազդեցության տակ հնչած մտածելակերպ է: Այդ հարաբերությունները մեկ օրում չեն ստեղծվել, որ ավարտվեն: Այս պահին Բրյուսելում է մեր կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը, եւ նրա հանդիպումներն անցնում են բավական կառուցողական շրջանակներում»,-կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
ԵՄ-Ն ՓԱԿՈՒՄ Է ԴՌՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ