ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
Իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները սեպտեմբերի 10-ին հանդիպելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից: «Հանդիպմանը պետք է քննարկենք մեզ վերաբերող հարցեր: Ի վերջո, պե՞տք է ազատամարտիկների սոցիալական կարգավիճակը բարելավվի, թե՞ ոչ: Եթե հանդիպումը դրական արդյունք չտվեց, ապա կշարունակենք մեր պայքարը: Կհամարենք, որ մեր կառավարությունն արդեն մեզ համար գոյություն չունի եւ այլ քայլեր կձեռնարկենք»,-նշեց ազատամարտիկը:

ԿՐԱԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա են տեղափոխել 13-ամյա մի տղայի, որն աչքի հատվածում լուրջ վնասվածքներ է ունեցել: Երեխան եղել է Բաղրամյան գյուղի բնակիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 13-ամյա տղան  վնասվածքը ստացել է օգոստոսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երբ անհայտ անձը հանկարծակի կրակել ու դիպել է երեխային: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են:

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի եւ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի միավորման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: «Բուհերի միավորումն այդքան էլ հեշտ խնդիր չէ: Տարբեր խնդիրներ են քննարկվում: Այս պահի դրությամբ որեւէ արդյունք չունենք: Իսկ քննարկումները շարունակվում են, տեսնենք՝ ընթացքն ինչ ցույց կտա»,-«Ժողովուրդ»-ին ասաց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսին գրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը միանալու է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Սեպտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Նար-Մովիս» ՍՊԸ կոչվող գեղեցկության սրահում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գեղեցկության սրահի վարսահարդարը հենց գեղեցկության սրահում դիմեդրոլ դեղամիջոցի մոտավորապես 40 հաբ է խմել՝ ինքնասպան լինելու նպատակով: Բարեբախտաբար, այդ մասին տեղեկացել են գեղեցկության սրահի աշխատակիցները ու ժամանակին աղջկան տեղափոխել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ աղջկա վիճակն այժմ բավարար է, սակայն դեռեւս պարզ չէ, թե նա ինչու է նման քայլի դիմել:




Լրահոս