ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

50 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՀՀ արդարադատության նախարարությունում 300 աշխատակիցների մասնակցությամբ երեկ հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին. «Մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու. մինչեւ 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով»:

ՆՈՐ Է ՊԱՐԶԵԼ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքոնյանը, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու տնտեսական շահավետությանը, «Առավոտ»-ին ասել է, թե այդ դեպքում մեր երկիր 260 միլիոն դոլարի մաքսատուրք է մտնելու: Նրա մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը, Բելառուսը ու Ղազախստանը միասին հավաքում են 260 միլիարդ դոլարի մաքսատուրք, որից 87%-ը գնում է Ռուսաստանին, 4,7%-ը՝ Բելառուսին, 7%-ից ավելի` Ղազախստանին: Եվ եթե մեր երկիրը միանա Մաքսային միությանը, եւ այդ հավաքագրված մաքսից 1% տան Հայաստանին, ապա կստացվի, որ տարեկան 260 միլիոն դոլար մուտք կգործի ՀՀ: «Երկուսուկես անգամ ավելին, քան Հայաստանն այսօր մաքսատուրք է հավաքում, այսինքն՝ միանալով այս միությանը՝ մենք շահում ենք»,-վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:

ԱՐԴԵՆ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում լազերային սկավառակների նոր օրենքին առնչվող հարցի քննարկման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը ցանկացել է ռուսերենով ընթերցել այդ օրենքում կատարված փոփոխությունները, ինչը հարուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի վրդովմունքը: Նրանք թույլ չեն տվել ՊԵԿ պաշտոնյային խախտել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ պահանջել են փաստաթուղթը հանձնաժողովին ներկայացնել հայերենով:

ԵԽ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը հրապարակել է գրառում Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումների առնչությամբ: Նա գրել է. «Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի եւ Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն եւ հաշվետվողականություն»:

ՃԻՇՏԸ «Ո՛Չ… Ո՛Չ»-Ն Է
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ «Նախախորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանն «Առաջին լրատվական»-ին ասել է. «Եթե մինչեւ հիմա ռեժիմի ներկայացուցիչները խոսում էին «կա՛մ… կա՛մ», «ե՛ւ… ե՛ւ»-ի մասին, ապա մենք ասում ենք՝ «ո՛չ… ո՛չ», որովհետեւ կարծում ենք, որ մեր պատկերացրած պետությունը պետք է զերծ մնա վերպետական կառույցներից, դա կվնասի մեր ինքնիշխանությանը»:




Լրահոս