Ֆլեշմոբ «Ե՛կ Արցախ». բարոյական ու նյութական աջակցություն Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանը նշեց, որ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու և հաճելի ժամանակ անցկացնելու:

«Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասաց Դարչինյանը և հավելեց, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ:

«Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասաց Դարչինյանը:

Այն հարցին, թե մոտակա ժամանակներս կա պլանավորված մենամարտ, Դարչինյանը պատասխանեց, որ հուլիսին աշխարհի չեմպիոնի համար մենամարտ ունի: «Արցախի այցից հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական պարապմունքները»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Vik-Darchinyan-Arcakh

Նույնաբովանդակ կոչով է հանդես եկել նաև Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Կաչում ասվում է`

«Սիրելի՛ հայություն,
Մի ֆլեշ մոբ ենք սկսում, որի շրջանակներում պետք է նկարահանվենք (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանշի հետ և կոչ անենք մեր ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելել Արցախ:

Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը (արցախյան բառբառով նշանակում է «Արի Արցախ»), նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը:
Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով` ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»:




Լրահոս